Երեթշաբթի, 21 Փետրվարի 2012 21:51
Աշոտ Օսիպյան. պարտադիր պահուստավորման նորմատիվի փոփոխությունը կբարձրացնի դրամի պահանջարկը
ԱրմԻնֆո. Պարտադիր պահուստավորման նորմատիվի փոփոխությունը կբարձրացնի դրամի պահանջարկը, բայց այդ միջոցը դեռ բավարար չէ դոլարիզացիայի մակարդակն էապես նվազեցնելու համար: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Բանկերի Միության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Նշենք, որ 2011 թվականի փետրվարի 8-ին Կենտրոնական բանկի կողմից պարտադիր պահուստավորման նորմատիվը խստացվեց, ինչի արդյունաում, նախատեսված առնվազն 12%-ի համար ՀՀ դրամով պետք է պահուստավեր9%, իսկ արտարժույթի համար` 3%, նախկին 6-ական տոկոս պահուստավորման փոխարեն: Միևնույն ժամանակ, փոփոխվեց Բանկերի գործունեության կարգավորման Կարգ 2-ը:
ՀԲՄ ղեկավարի խոսքերով, նշված փոփոխությունը շուկայում առաջացրեց դրամային ավանդների թանկացում և դոլարային ավանդների ու վարկերի էժանացում: Դոլարային վարկերի տոկոսադրույքների հետագա փոփոխությունները, նրա խոսքերով, թելադրված էին շուկայի կողմից: ՙՆերկայումս արդեն տնտեսվարող սուբյեկտների կողմից դիտվում է դոլային վարկերի պահանջարկի բարձրացում՚,-նկատել է Ա.Օսիպյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ հայկական բանկերն ընդլայնում են դրամային ռեսուրսներ ներագրավելու հնարավորությունները: ՙՈրոշ բանկեր դրամային ռեսուրսներ ներգրավելու քաղաքականությունը կառուցում են այնպիսի միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչպիսիք են EBRD-ն, IFC-ն, գերմանական KfW բանկը, ինչպես նաև ռիսկերի նվազեցման ուղղությամբ համագործակցում նաև TCX Currency Exchange Fund կազմակերպության հետ, որի բաժնետերերից մեկն է հանդիսանում Եվրոբանկը՚,ճնշել է ՀԲՄ ղեկավարը:
Փորձագետների գտնում են, որ պարտադիր պահուստավորման նորմատիվը 12%-ից մինչև 16% բարձրացնելու դեպքում կավելանա դրամային բաղադրիչը, ինչը թույլ կտա աստիճանաբար անցնել դրամային պահուստավորման: Ըստ շուկայի փորձագետների, պահուստավորման նոր`16 տոկոսանոց մակարդակը, հավանաբար, կտեղաբաշխվի հետևյալ կերպ` 13%-ը կպահուստավորվի ՀՀ դրամով, իսկ 3%-ը` արտարժույթով: Նրանց կարծիքով, այդ նորմատիվի խստացման պատճառ է դարձել` դոլարային իրացվելիության ավելցուկը, տոկոսադրույքների բարձրացումը, գների աճը, ինֆլյացիայի խորացումը, տնտեսական ակտիվության ցածր տեմպերը շարունակվող ճգնաժամային երևույթների պայմաններում: Ապադոլարիզացիայի և ինֆլյացիայի զսպման նպատակով իրականացվող դրամային պարտադիր պահուստավորումը, նրանց համոզմամբ, սկզբնական փուլում կհավասարեցնի ընթացիկ դրամային և դոլարային պարտավորությունների բաժինները, որից հետո տեղի կունենա դոլարային պարտավորությունների նկատմամբ դրամային պարտավորությունների գերակշռում:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2012 թվականի հունվարի վերջին դրամական զանգվածը տարեկան կտրվածքով աճել է 28.4%, ինչը պայմանավորված է եղել դրամային ավանդների 44.2% և շրջանառվող կանխիկ դրամական միջոցների 16.7% աճով: Ընդ որում, արտարժութային ավանդների տարեկան աճը կազմել է 19.8%: Դոլարիզացիայի մակարդակը հաշվետու ժամանակահատվածում իջել է 3.8%: Նշենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ արտարժութային վարկավորման մակարդակը կազմել է 60.2%, հունվար-նոյեմբեր ամիսներին աճելով 6.4%: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների կազմում արտարժութային ավանդների բաժինը կազմել է 76.4%: