Երեքշաբթի, 5 Հունիսի 2012 18:02

Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն առաջինը Հայաստանում դարձել է Visa համակարգի էկվայրինգ-գործընկերն էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում


ԱրմԻնֆո. ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն՚ առաջինը Հայաստանում դարձել է միջազգային Visa համակարգի էկվայրինգ-գործընկերն էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում: Ինչպես Երևանում կայացած մամուլի ասուլիսում նշել է բանկի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը, Հայաստանում ինտերնետ-էկվայրինգի առաջին նախագծի գործարկումը կբերի անկանխիկ գործարքների ծավալների աճի, իսկ ՓՄՁ համար վնասների կրճատման, ինչպես նաև կօգնի առևտրի/սպասարկման ձեռնարկություններին մուտք ունենալ դեպի էլեկտրոնային կոմերցիայի գլոբալ շուկաները:

Խանդկարյանը տեղեկացրել է, որ ներկայումս բանկի կողմից թողարկվել է մոտ 80 հազ.միջազգային Visa քարտ: Բացի այդ, ներկայումս բանկն ունի մոտ 150 խոշոր աշխատավարձային նախագծեր: ՙՔարտային բիզնեսի զարգացումը հանդիսանում է բանկի առաջնահերթ ուղղություններից մեկը: Մենք շարունակում ենք ամրապնդել մեր դիրքերը, հայ սպառողին առաջարկելով նոր պրոդուկտներ ու ծառայություններ՚,-ընդգծել է բանկիրը: Նա նաև տեղեկացրել է, որ էկվայրինգին նախապատրաստվելու նպատակով բանկը մտադիր է տարբեր տարբեր կազմակերպությունների ու ձեռնարկությունների աշխատակիցների հետ անցկացնել մշտական ուսումնական սեմինարներ:

Իր հերթին, Visa համակարգի ԱՊՀ երկրների գծով բիզնեսի զարգացման մենեջեր Իրինա Կամխաձեն նկատել է, որ ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ հետ նախագիծը կարևոր քայլ է Հայաստանում անկանխիկ գործարքների և էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ 2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում թողարկված Visa քարտերի քանակն աճել է 35%, շրջանառությունն առևտրի ցանցերում` 43%, իսկ գործարքների քանակը առևտրի/սպասարկման ցանցերում` 80%:

Ասուլիսի մասնակիցներն ընդգծել են, որ Visa-ի ինտերնետ-էկվայրինգը դա ժամանակակից, հուսալի և անվտանգ վճարային մեխանիզմ է ինտերնետ միջավայրում: Քարտի լրացուցիչ պաշտպանվածությունն ապահովվում է Verified by Visa վճարների աուտենտիֆիկացիայի տեխնոլոգիայի կիրառմամբ, ինչ նպատակով էլ սերթիֆիկացվել է Առէկսիմբանկը:

Ըստ Visa համակարգի տվյալների, 2013 թվականին աշխարհում էլեկտրոնային կոմերցիայի ծավալները կհասնեն 1.365 տրիլիոնի, իսկ 2020 թվականին կավելանան 10 անգամ: