Երկուշաբթի, 25 Հունիսի 2012 19:53
Արդշինինվեստբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը ստորագրեցին 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր
ԱրմԻնֆո. Այսօր Արդշինինվեստբանկի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) միջև ստորագրվեց 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում հիփոթեքային վարկավորման համար լրացուցիչ միջոցների տրամադրմանը: Բանկը նշված վարկային միջոցները կներգրավի առաջիկա 6 ամիսների ընթացքում և բնակչությանը կտրամադրի առավելագույնը 200,000 ԱՄՆ դոլար սահմանաչափով մատչելի և երկարաժամկետ բնակարանային հիփոթեքային վարկեր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
ՙԲնակարանաշինությունը, որը ժամանակին լուրջ խթան հանդիսացավ Հայաստանի տնտեսական աճի համար, մեծապես տուժել է վերջին ճգնաժամից: Այս առումով բանկային համակարգը նույնպես պատասխանատու է անշարժ գույքի շուկայի և հիփոթեքային վարկավորման խթանման համար: ՍԱԶԲ-ի հետ համագործակցության շնորհիվ Արդշինինվեստբանկը հնարավորություն կունենա ակտիվորեն մեծացնել իր հիփոթեքային վարկերի պորտֆելը՚, - նշեց Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր րիգորյանը:
ՙՉնայած բնակելի անշարժ գույքի նկատմամբ սպեկուլյատիվ պահանջարկը էապես նվազել է, սակայն ֆունդամենտալ վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռևս կա պահանջարկ, քանի որ անշարժ գույքի շուկան հնացած է և շարունակում է մնալ խիտ բնակեցված. երբեմն 2 ընտանիք ապրում է մեկ փոքր բնակարանում: Կարճաժամկետ և բարձր տոկոսադրույքով հիփոթեքային վարկերը հանդիսանում են հիփոթեքային վարկավորման խթանման հիմնական խոչընդոտները: Այս նախագծի միջոցով մենք ցանկանում ենք բարելավել իրավիճակը` տալով լուծումներ մի շարք առկա խնդիրների` մասնավորապես Հայաստանում հիփոթեքային վարկերը դարձնելով առավել մատչելի և հասանելի՚, հավելեց րիգորյանը:
Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:
Նշենք, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Հայաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից: ՍԱԶԲ-ը խթանում է տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը`տրամադրելով վարկեր, վարկային գծեր, երաշխիքներ, ինչպես նաև իրականացնելով ներդրումներ կապիտալում և առևտրի ֆինանսավորում իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածի նախագծերի իրականացման նպատակով: