Երկուշաբթի, 2 Հուլիսի 2012 21:15
ՀՀ ֆինանսների փոխնախարար. Կուտակային կենսաթոշակների շնորհիվ քաղաքական դեբատները պոպուլիստական խոստումներից կվերածվեն տնտեսական քնարկումների
ԱրմԻնֆո. 2014 թվականից Հայաստանում կսկսի գործել կենսաթոշակային կուտակային համակարգը, որտեղ կհավասարակշռվեն համարժեքությունն ու մատչելիությունը: Այս մասին է հայտարարել USAID Կենսաթոշակային համակարգերի և աշխատանքի շուկայի բարեփոխումնեւրի Ծրագրի (PALM` Pension and Labor Market Reform Project) ղեկավար Ռոզա Կիապեն (Rosa Chiappe) կենսաթոշակային բարեփոխումներր շնորհանդեսի ընթացքում, որը քաղաքացիական ծառայողների համար այսօր անց է կացրել ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքերով, նոր կենսաթոշակային համակարգն ավելի կայուն կլինի ճգնաժամերի պարագայում, այն ուղղկիորեն կկապի աշխատողների կենսաթոշակային ապագա եկամուտները նրանց աշխատանքային եկամուտների հետ: Խոսելով կամավոր կուտակային համակարգի ներդրման մասին, նա նշել է, որ շատ երկրներ գործատուների համար հարկային արտոնություններ են սահմանում, այդ կուտակային միջոցները խթանելու նպատակով, ինչը բերում է կառավարության դերի նվազեցմանը կենսաթոշակային համակարգում: Սակայն բնակչության խոցելի խավերի կենսաթոշակային ապահովման առումով դրանց դերն անփոխարինելի է մնում:
Շնորհանդեսի ընթացքում Արամյանը նշել է, որ Հայաստանում ներկայումս գործող կենսաթոշակային համակարգը կայուն չի, քանի որ գրանցված աշխատողների և կենսաթոշակառուների թիվը գրեթե նույնն է և կազմում է մոտ 460 հազ.մարդ: Արդյունքում, պետությունն ստիպված է լինում այլ աղբյուրներից ֆինանսավորել կենսաթոշակները: Օրինակ, 2011 թվականին ձեռնարկությունների սոցիալական հատկացումները կազմել են 135 մլրդ.դրամ, իսկ կենսաթոշակների ընդհանուր ծավալը` 200 մլրդ.դրամ: Իրավիճակը խորացնում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում նվազում է ծննդաբերությունը, որը 2011-ին, 1000 հոգու կտրվածքով, կազմել է 1.55: Իր հերթին, աճում է նաև կյանքի տևողությունը:
Փոխնախարարարը նշել է, որ շատ երկրներ կենսաթոշակային համակարգն պահովում են, ՙսերունդների համերաշխության՚ սկզբունքից անցնելով ՙարդարության՚ սկբունքին, իսկ պետությունը` կենսաթոշակների կառավարման իր դերը փոխարինում է ռեգուլյատորի դերով:
Արամյանը քաղաքացիական ծառայողներին ներկայացրել է Հայաստանի ապագա կենսաթոշակային համակարգի աստիճանները, որոնք կունենան սոցիալական, աշխատանքային, պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակները: Նա բացատրել է ապագա համակարգի բոլոր աստիճանների մեխանիզմներն ու երաշխիքները, պատասխանելով նաև ներկաների հարցերի: Նրա կարծիքով, քաղաքացիների լայն ընդգրկվածությունը միջոցների կուտակման գործընթացին, ինչպես նաև ՙերկար փողերի՚ ձևավորմանը, կբերեն նրան, որ քաղաքական դեբատները պոպուլիստական խոստումներից կվերածվեն ներդրումների պաշտպանության և տնտեսական աճի ապահովման վերաբերյալ բովանդակալից քնարկումների: