Չորեքշաբթի, 18 Հուլիսի 2012 19:46
Արտարժույթի իրական արդյունավետ փոխարժեքը 2012 թ. ապրիլին նվազել է 1,5%-ով, իսկ նոմինալ արդյունավետ փոխարժեքը` 0,6%-ով
ԱրմԻնֆո. 2012 թվականի ապրիլին արտարժույթի իրական արդյունավետ փոխարժեքն իջել է 1,5%-ով`մայիսի 1-ի դրությամբ կազմելով 127,5: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում:
Ընդ որում, իրական արդյունավետ փոխարժեքի անկումը տարեկան կտրվածքով /2012 թ. ապրիլին 2011 թ. ապրիլի համեմատ/ կազմել է 0,5%: Հիշեցնենք, որ 2011 թվականին այս ցուցանիշի աճ է գրանցվել հունվար, սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին, իսկ փետրվարից մինչև օգոստոսը ներառյալ, ինչպես նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին դիտվել է շարունակական անկում: 2012 թ. ընթացքում արտարժույթի իրական արդյունավետ փոխարժեքի աճ դիտվել է միայն հունվարին, իսկ փետրվարին, մարտին և ապրիլին դիտվել է անկում:
Միևնույն ժամանակ, նոմինալ արդյունավետ փոխարժեքն ընթացիկ տարվա ապրիլին նվազել է 0,6%-ով`կազմելով 214,3: Ընդ որում, տարեկան կտրվածքով նոմինալ արդյունավետ արժեքն աճել է 1,3%-ով: 2011 թվականին այս ցուցանիշի անկում է գրանցվել հունվար-ապրիլ ամիսներին, ինչպես նաև հոկտեմբերին և նոյեմբերին, իսկ աճ է գրանցվել մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին և դեկտեմբերին: 2012 թվականին արտարժույթի նոմինալ արդյունավետ փոխարժեքը հունվարից մինչև ապրիլ ամիսը ներառյալ շարունակական անկում է ապրել: