Ուրբաթ, 27 Հուլիսի 2012 19:43
ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունն ապահովագրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր աշխատողների և նրանց ընտանիքների առողջությունը
ԱրմԻնֆո. ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունն ապահովագրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր աշխատողների և նրանց ընտանիքների անդամների` ավելի քան 10 հազար մարդու առողջությունը: Այսօր համապատասխան համաձայնագիր են ստորագրել ապահովագրական ընկերության նորանշանակ տնօրեն Դավիթ Բաղդասարյանը և կոմբինատի փոխտնօրեն Սոս Ղահրամանյանը: Առողջության կամավոր ապահովագրության պայմանագրի համաձայն կոմբինատի 3 500 աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին կտրամադրվի առողջապահական ծառայությունների ամենալայն սպեկտրի ծածկույթ: Յուրաքանչյուր ապահովագրված աշխատակից տարեկան կտրվածքով կարող է ստանալ շուրջ 5 մլն. դրամի համարժեք տարաբնույթ բժշկական ծառայություններ:
Ապահովագրական ընկերության ղեկավարն իր խոսքում նշել է, որ հայկական խոշոր ընկերությունները սկսում են դրսևորել կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն: Նա ողջունել է կոմբինատի ղեկավարության որոշումը, նկատելով, որ այն ձևավորում է պատասխանատու գործատուի իմիջ: Դ.Բաղդասարյանն ընդգծել է, որ ընկերությունը գնահատում է գործընկերոջ քայլի նշանակությունը, թե° որպես կարեւոր նախադրյալ բժշկական ապահովագրության ոլորտի զարգացման համար, եւ թե որպես խոսուն օրինակ ՀՀ-ում այլ խոշոր գործատուների համար` աշխատակիցների հանդեպ դրսեւորելու իրենց պատասխանատվությունն ու հոգատարությունը: ՙՆաիրի Ինշուրանսը՚ քաջ գիտակցում է իր առջեւ դրված խնդիրների ծավալն ու պատասխանատվության աստիճանը: Բավականին բարդ է մի ամբողջ քաղաք ապահվագրելու գործը, բայց մենք Հայաստանի ապահովագրական շուկայում ամենաերկարատեւ գործունեության փորձ ունեցող ընկերությունն ենք եւ չենք խուսափում դժվարություններից եւ մեր գործունեությամբ բազմիցս դա ապացուցել ենք՚, -ասել է Դ.Բաղդասարյանը:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած ՙՀայաստանի ապահովագրական ընկերությունների ռենքինգի՚ տվյալներով, ՙՆաիրի Ինշուրանս՚ ԱԸ ԿԲԱ գծով 2012 թվականի առաջին կիսամյակում հավաքել է 149.3 մլն դրամ ապահովագին: Ընկերությունն այդ հատված է մտել 2011 թվականի վերջին` գործարկելով անհատական բժշկական ապահովագրության ծրագիրը: Ապահովագրական ընկերության գործակալների ցանցը այս պահին ընդգրկում է 234 ֆիզիկական և 70 իրավաբանական անձանց: Ընկերությունն ունի ոչ կյանքի ապահովագրության 15 տեսակների իրականացման լիցենզիաներ: