Ուրբաթ, 17 Օգոստոսի 2012 20:42
Հայաստանի բնակչության միայն 5-10 տոկոսն ունի բժշկական ապահովագրություն
ԱրմԻնֆո. Հայաստանի բնակչության միայն 5-10%-ն ունի բժշկական ապահովագրություն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության պահանջների կարգավորման վարչության ղեկավար Արմեն Շահինյանը:
Նրա խոսքերով, բժշկական ապահովագրության պոլիս ունեցող անձինք պատկանում են համեմատաբար ապահով սոցիալական խմբերին, իսկ որպեսզի Հայաստանի ողջ բնակչությունն ապահովագրի իր առողջությունը, անհրաժեշտ է ներդնել բժշկական պարտադիր ապահովագրություն:
ՙԵս չեմ կարող ստույգ ասել, երբ Հայաստանում կընդունվի պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրենքը, հավանաբար, 2013 թվականին, բայց կարող եմ վստահորեն ասել, որ դրան են տանում կամավոր բժշկական ապահովագրության տարածման ուղղությամբ սկսված գործընթացները՚,-ընդգծել է Շահինյանը: Նրա կարծիքով, բժշկական պարտադիր ապահովագրությունը գործիք է առողջության պրոբլեմների արդյունավետ լուծման գործում:
Ա.Շահինյանը նաև նշել է, որ պետծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակներում բժշկական ապահովագրության համար ՙՆաիրի Ինշունարսին՚ են դիմում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: ՙՄեզ համար ներկայումս շատ դժվար է աշխատել բժշկական պահովագրությնա շուկայում, քանի որ Հայաստանում բժշկական ապահովագրության մշակույթը նոր է ձևավորվում՚,-ընդգծել է մասնագետը:
Այնուհետ ապահովագրողը պարզաբանել է, որ սոցապահովագրության փաթեթը կազմված է 4 բաղադրիչներից, որի ընդհանուր արժեքը կազմում է 132 հազ.դրամ: Դրա կազմում է նաև Կամավոր բժշկական ապահովագրությունը` 52 հազ.դրամ, որի շրջանակներում ապահովագրված անձը կարող է ստանալ ստացիոնար բուժօգնություն: Մնացած 80 հազար դրամը շահառուի հայեցողությամբ կարող է բաժանվել տուրիստական, կրթության և հիփոթեքային վարկերի մարման ծախսերի վրա:
Ըստ Շահինյանի, քանի որ բուժապահովագրության համար նախատեսված 52 հազ.դրամը բավարար չէ բժշկական լիակատար ծառայությունների մատուցման համար, ՙՆաիրի Ինշուրանսը՚ բազային բաղադրիչներին կից առաջարկում է նաև VIP փաթեթներ` կոմպակտ, օպտիմալ, սոլիդ փաթեթները:
Նշենք, որ սոցիալական փաթեթը Հայաստանում նախատեսված է 120 պետծառայողների համար, որոնց այն տրամադրվում է 2012 թվականից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության ակտիվները 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 4.6 մլրդ.դրամ, կիսամյակում աճելով 16.9%, իսկ միայն 2-րդ եռամսյակում`16.2%: Ընկերության սեփական կապիտալը հուլիսի 1-ին կազմել է 1.6 մլրդ.դրամ, կիսամյակում նվազելով 14.7%, իսկ 2-րդ եռամսյակում` 8.3%: Առաջին կիսամյակի արդյունքներով, ընկերության ապահովագրական պրեմիաների ծավալը հասել է 2.7 մլրդ.դրամի, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը` 834 մլն.դրամի: Ընկերության ապահովագրական պորտֆելում բուժապահովագրության բաժինը կազմում է ավելի քան 12%: