Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2012 12:24
Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 110 000
ԱրմԻնֆո: Օգոստոսի 1-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 110 000` տարվա սկզբի համեմատ ավելանալով 26.4%-ով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, քարտերի ընդհանուր քանակում մոտ 61 հազարը կազմել են Visa միջազգային, իսկ 49 հազարը` ArCa քարտերը: Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ArCa վճարային համակարգի անդամ բանկերի առաջատար հնգյակում է, իսկ միջազգային քարտերի քանակով` եռյակում:
Յունիբանկն առաջարկում է ցանկացած դասի դեբետային կամ վարկային քարտեր: Բանկի վարկային քարտերը տրամադրվում են շահավետ պայմաններով` փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ: Վերջերս Յունիբանկը հայտարարել է Magniscard քարտի թողարկման մասին, որը հնարավորություն է տալիս առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու ստանալ մինչև 500 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ:
Հատուկ իր քարտապանների համար բանկն առաջարկում է արտոնությունների “Մագնիս” ծրագիրը, որի շրջանակներում Յունիբանկի քարտապաններին տրամադրվում են մինչև 40% զեղչեր ավելի քան 100 առևտրի և սպասարկման կետերում: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: Յուրաքանչյուր հաճախորդ, Յունիբանկում ձևակերպելով դեբետային կամ վարկային քարտ, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից: