Հինգշաբթի, 27 Սեպտեմբերի 2012 17:54
HSBC Բանկը ֆինանսական ռեսուրսների ետճգնաժամային թանկացումների ֆոնի ներքո իր հաճախորդների համար պահպանեց առեւտրի ֆինանսավորման համեմատաբար ցածր սակագները
ԱրմԻնֆո. HSBC Բանկը ֆինանսական ռեսուրսների ետճգնաժամային թանկացումների ֆոնի ներքո իր հաճախորդների համար պահպանեց առեւտրի ֆինանսավորման համեմատաբար ցածր սակագները: Ինչպես բանկի կողմից կազմակերպված` առեւտրի ֆինանսավորման Ակադեմիայում տեղի ունեցած սեմինարի ընթացքում ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է HSBC Բանկ Հայաստանի Առեւտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Արթուր Պետրոսյանը, դա հաջողվել է անել Խմբի` ողջ աշխարհում ունեցած լայն ցանցի շնորհիվ:
Ըստ Պետրոսյանի, ետճգնաժամային փուլում նվազեց գործընկերների միջև վստահությունն արտահանման-ներմուծման գործարքներում, միաժամանակ աճելով ֆինանսական միջնորդության դերը: ՙԱռեւտրի ֆինանսավորումը հանդիսանում է կարճաժամկետ պրոդուկտ, մինչև 180 օր ժամկետով, սակայն, մեր կողմից առաջարկվող սխեմաները թույլ են տալիս այդ ժամկետները մեծացնել, հասցնելով 2 տարու, ինչը խոշոր կազմակերպություններին հնարավորություն է տալիս էապես տնտսել իրենց միջոցները՚,-հավելել է նա:
Պետրոսյանը նեեւ ընդգծել է, որ HSBC խումբը գերակշռող դիրքեր ունի այդ ոլորտում, ունենալով առեւտրի ֆինանսավորման համաշխարհային շուկայի մոտ 9%-ը, որը կազմում է մոտ 0.5 տրլն.դոլար: Ինչ վերաբերվում է HSBC Բանկ Հայաստանին, ապա ըստ S.W.I.F.T-ի տվյալների, Հայաստանում իրականացվող առեւտրի ֆինանսավորման ծավալների մոտ 36%-ը կենտրոնացված է HSBC Բանկ Հայաստանում:
Նշենք, որ 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկի առեւտրի ֆինանսավորման ընդհանուր ծավալները կազմել են շուրջ 10 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 27% աճ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առեւտրային բանկերի Ռենկինգի, HSBC Բանկ Հայաստանի ակտիվները 2012 թվականի առաջին կիսամյակում աճել են 10%, մինչեւ 198 մլրդ.դրամ: Ակտիվների կազմում վարկային ներդրումներն աճել են 15% կամ 16 մլրդ.դրամով, մինչև 124 մլրդ.դրամ: Բանկի վարկային պորտֆելում իրավաբանական անձանց տրամադրված վարկերը կազմել են 83% կամ 103 մլրդ.դրամ: 2012 թվականի առաջին կիսամյակը Բանկը եզրափակել է 2.5 մլրդ.դրամ զուտ շահույթով: