Չորեքշաբթի, 7 Նոյեմբերի 2012 18:46
ՙՇեն Կոնցեռն՚-ը ներդնում է կորպորատիվ կառավարման առաջատար ստանդարտներ
ԱրմԻնֆո. Հայաստանում շինանյութերի խոշորագույն արտադրող ՙՇեն Կոնցեռն՚-ը ներդնում է կորպորատիվ կառավարման առաջատար ստանդարտներ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել է ընկերության նախագահ Սմվել Բեգլարյանը: Նա տեղեկացրել է, որ ընկերությունում կորպորատիվ կառավարման նոր ստանդարտների մշակումով եւ ներդրումով կզբաղվի Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), ՙԿորպորատիվ կառավարման կենտրոն՚-ի հետ համատեղ:
Նշենք, որ կորպորատիվ կառավարման նոր ստանդարտների մշակման ոլորտի առաջատարը` IFC-ն ՙԿորպորատիվ կառավարման կենտրոն՚-ի հետ ստորագրել է Հուշագիր, որի շրջանակներում հայկական մի շարք ընկերություններում կներդրվեն կորպորատիվ կառավարման առաջատար ստանդարտներ: Ծրագրի տեւողությունը կկազմի 3.5 տարի:
Ս.Բեգլարյանը նշել է, որ մենեջմենտի նոր պրակտիկայի ներդրումն արդեն հասունացել էր ընկերությունում, կապված գործունեության մասշտաբների ընդլայնման հետ: ՙԱյս խնդիրների արդյունավետ լուծումը մեզնից պահանջում է վերանայել ընկերության ներքին գործելակերպը, անցնելով կորպորատիվ կառավարման ավելի արդյունավետ մեխանիզմների՚: ՙՇեն Կոնցեռն՚-ի նախագահն ընդգծել է, որ ընկերությունը պատրաստ է նոր փոփոխություններին ու շահագրգռված է բոլոր բիզնես-առաջարկների կատարման մեջ:
Իր հերթին, ՙԿորպորատիվ կառավարման կենտրոն՚-ի նախագահ Նարինե Մեյիքյանը տեղեկացրել է, որ հետազոտական փուլը, ինչպես նաեւ ընթացիկ բիզնես-գործընթացների գնահատումը, գրեթե ավարտված է: Հետազոտությունների արդյունքնրի շնորհանդեսից հետո Ընկերության համար կմշակվեն կորպորատիվ կառավարման պրակտիկայի բարելավման առաջարկներ: Իսկ ընկերության կողմից այդ առաջարկների կիրառումը, ըստ Մելիքյանի, պահանջում է մոտ 1 տարի:
Նշենք, որ ՙՇեն Կոնցեռն՚-ը հիմնվել է 1995 թվականին եւ հանդիսանում է ՀայՌեսուրսԻմպեքս պետական կազմակերպության իրավահաջորդը: Ներկայումս ընկերությունն զբաղված է շինանյութերի արտադրությամբ եւ վաճառքով: Ապագայում ընկերությունը նախատեսում է զբաղվել նաեւ գիպսաստվարաթղթի արտադրությամբ: Ընկրությունն ակտիվորեն աշխատում է սեփական հումքային բազայի ստեղծման ուղղությամբ, տիրապետում է տարածաշրջանում գիպսի ամենամեծ հանքերին, զբաղվում է կալցիումի կարբոնատի արտադրությամբ, նախատեսում է զբաղվել նաեւ պեռլիտահանքերի մշակումով: Անցյալ տարի ընկերությունը ձեռք բերեց Huntsman Building Products LLC երեւանյան գործարանը, որի տարածքում կազմակերպել է բետոնե բլոկների արտադրություն, պատրաստվում է արտադրել նաեւ գիպսոնիտ: Ընկերությունն արդեն նախնական պայմանավորվածություն ունի EBRD հետ, երկրորդ անգամ ընկերության բաժնետերերի ցանկում ընդգրկվելու կապակցությամբ: Դիտարկվում է նաեւ IPO անցկացում: Ներկայումս ընկերության ձեռնարկություններում աշխատում է մոտ 500 մարդ: