Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2012 19:38
Կոմերցբանկն Ամերիաբանկին կրկին շնորհել է առևտրի ֆինանսավորման ոլորտում անթերի համագործակցության համար մրցանակը
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը երկրորդ անգամ արժանանում է առևտրի ֆինանսավորման ոլորտում անթերի համագործակցության համար մրցանակի` հեղինակավոր Կոմերցբանկի կողմից: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:
Փաստենք, որ Ամերիաբանկը առաջին հայկական բանկն էր, որին Կոմերցբանկը դեռևս 2010թ. արդյունքներով շնորհեց այդ մրցանակը` փոխշահավետ համագործակցության ու բարձրորակ աշխատանքի համար:
Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում պահպանել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավարման գործարքներով` օրեցօր ընդլայնելով համագործակցությունը թե' ներկրողների և թե' արտահանողների հետ:
Ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 37 մլրդ ՀՀ դրամ, այն դեպքում, երբ 2011թ. ամբողջ տարվա արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 26 մլրդ ՀՀ դրամ:
Միջազգային ասպարեզում ձեռք բերած վստահության ու բարձր վարկանիշի շնորհիվ Ամերիաբանկը շարունակում է ակտիվ համագործակցությունը Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD), Ասիական Զարգացման բանկի (ADB), Նիդերլանդների զարգացման բանկի (FMO), Atlantic Forfaitierungs AG-ի, ինչպես նաև օտարերկրյա նշանավոր բանկերի հետ, ներառյալ Commerzbank, Citibank, BNP Paribas, UNICREDIT և այլն, որի արդյունքում Բանկն ունի շուրջ 90 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ:
Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի ամենադինամիկ բանկերից է և դասվում է ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքում: Ամերիաբանկն առաջին ներդրումային բանկն է Հայաստանում և սկսած 2007 թ. տրամադրում է հաճախորդների կարիքներին հարմարեցված նորարարական բանկային պրոդուկտների լայն տեսականի: Այսօր Ամերիաբանկը հանդիսանում է ունիվերսալ բանկ, որը տրամադրում է կորպորատիվ, մանրածախ և ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: