Շաբաթ, 22 Դեկտեմբերի 2012 16:59
Երևանցիների ճնշող մեծամասնությունը կարող է իրեն թույլ տալ բժշկական ապահովագրություն, սակայն պատրաստ չէ վճարել դրա դիմաց
ԱրմԻնֆո. Երևանցիների ճնշող մեծամասնությունը կարող է իրեն թույլ տալ բժշկական ապահովագրություն, սակայն պատրաստ չէ վճարել դրա դիմաց: Այդպիսի հետևության են հանգել M-Info մարքեթինգային ընկերության մասնագետները 500 երևանցիների, այդ թվում պետական ծառայողների շրջանում անցկացված հետազոտական հարցման արդյունքում: Այսպես, հարցման համաձայն, հարցման ենթարկվածների 96,6 տոկոսն իր աշխատավարձի մի մասը չի ծախսի պարտադիր բժշկական ապահովագրության վրա այն դեպքում, երբ նրանցից մեծ մասի ֆինանսական վիճակը բավականին կայուն է. նրանց աշխատավարձի չափը բարձր է երկրում ամսական միջին աշխատավարձից: 500 հարցվածներից ընդամենը 16-ն է (կամ հարցման մասնակիցների ընդհանուր թվի 3,2 տոկոսը) պատրաստակամություն հայտնել ապահովագրել սեփական առողջությունը: Ընդ որում նրանք համաձայնել են վճարել ոչ ավելի, քան 10 հազար դրամ ամսական աշխատավարձից:
Հարցումն ի հայտ է բերել երևանցիների անտարբերությունը երկրում պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) ինստիտուտի կայացման գործընթացների նկատմամբ: Հետազոտության համաձայն, 500 հարցվածներից ընդամենը 75-ը (հարցվածների 15 տոկոսը) ունի բժշկական ապահովագրության վկայական: Ընդ որում նրանց կեսից ավելին դրան գնացել է ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ գործատուի պահանջով կամ արտասահման մեկնելիս: Մի քանիսն էլ ապահովագրական ընկերությունների աշխատակիցներ են:
Այդուհանդերձ, հարցման ենթարկվածների 80 տոկոսից ավելին հավաստիացրել են, որ գիտեն, թե ինչ բան է ՊԲԱ` ընդսմին ստանդարտ սահմանումներից զատ տալով հակասական ձևակերպումներ: Այսպես, հարցվածների գրեթե կեսը նշել է, որ ՊԲԱ ՙբժշկական ապահովագրություն է՚: ՊԲԱ ՙձևականություն և ոչ պիտանի՚ է համարել հարցման 18 մասնակից, ՙառողջության պահպանման ծրագիր՚` հարցման 15 մասնակից: Հարցման ենթարկվածներից ևս 11-ը ՊԲԱ համարել է ՙպարտադիր վճարում՚, 6-ը ՊԲԱ շփոթել են պետծառայողների համար սոցիալական փաթեթի հետ: Հարցման ենթարկվածներից մեկը կարծում է, թե ՊԲԱ ձևականություն է, որը հարկավոր է եվրոպական ստանդարտներին համապատասխանելու համար:
Հարցումն ի հայտ է բերել երևանցիների շրջանում բժշկական ապահովագրությամբ զբաղվող առավել ժողովրդականություն վայելղո ապահովագրիական ընկերությունները: Պարզվել է, որ դրանք հենց ոլորտի առաջատարներն են. առաջին հերթին` ՙՌոսգոսստրախ Արմենիան՚: Այդ ընկերությունը ծանոթ է հարցման 500 մասնակիցների 56,6 տոկոսին: ՙԻՆՈ Արմենիա՚ ընկերությունը ծանոթ է հարցման ենթարկվածների 47 տոոկսին, ՙարանտ Ինշուրանսը՚` 45,6 տոկոսին, ՙՌԵՍՈ՚ -ն` 41,8 տոկոսին, և ՙՆաիրի Ինշուրանսը՚`40,6 տոկոսին: ՙՍիլ Ինշուրանս՚ ընկերությունը, որը բժշկական ապահովագրությամբ չի զբաղվում, հիշել է հարցման մասնակիցների շուրջ 8 տոկոսը: Հարցման ենթարկվածների 19 տոկոսը նշել են շուկայում արդեն չգործող ընկերությունների անվանումներ, իսկ նրանց ընդհանուր թվի 10 տոկոսը ոչ մի ապահովագրողի անվանում չի մտաբերել:
Հարցման նարդյունքներից պարզվել է, որ առավել թվով հարցվածներ` 19,1 տոկոսը, վստահում են ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերությանը, իսկ 9,5 տոկոսը` ՙարանտ Ինշուրանս՚ ընկերությանը: Վերջինիս հարցման մասնակիցները հարգում են, գլխավորապես, ծառայությունների բարձր որակի, ինչպես նաև լավ բժիշկների և օպտիմալ ապահովագների համար: Պարզվել է, որ նույնքան (9,5 տոկոս) կողմնակից ունի ՙԻՆՈ Արմենիա՚ ընկերությունը: 35 հարցվածի առավել վստահություն է ներշնչում ՙՌԵՍՈ՚-ն: Դրան հետևում է ՙՆաիրի Ինշուրանսը՚, որի օգտին քվեարկել է հարցման 32 մասնակից, ընդսմին նշելով, որ ընկերությունը շուկայում աշխատանքի լավ փորձ և որակյալ բժիշկներ ունի: Հարցման ենթարկվածների գրեթե մեկ երրորդը դժվարացել է պատասխանել, թե որ ընկերությանն է ավելի վստահում: Նրանց 12,6 տոկոսը գոյություն ունեցող ընկերություններից ոչ մեկի հանդեպ վստահություն չի տածում: ՙՌԱՍԿՈ՚ և ՙՍիլ Ինշուրանս՚ ընկերությունները վստահություն են ներշնչում ընդամենը ընդամենը երկու հարցվածի:
Հարցումը նաև ի հայտ է բերել բժշկական ապահովագրության մասին տեղեկատվության տարածման առավել արդյունավետ ուղիները: Հարցման ենթարկվածների մեկ երրորդին որոշակի տեղեկատվություն են մատակարարում բարեկամներն ու ազգականները: Եվս մեկ երրորդից ավելին բժշկական ապահովագրության մասին տեղեկատվություն է ստանում ինտերնետից ռադիոյից և հեռուստագովազդներից: Պարզվել է, որ արտաքին գովազդը նույնպես լուրջ տեղեկատվական միջոց է, որը տեղեկատվությամբ զինում է հարցման մասնակիցների 16,8 տոկոսին: Նրանց 15 տոկոսը բժշկական ապահովագրության մասին տեղեկանում է անձնական փորձից, այսինքն, նրանց առողջությունն ինչ որ ժամանակ ապահովագրված է եղել: Եվ գրեթե նույնքան հարցվածներ (14,8 տոկոսը) միանգամայն անտեղյակ են այն մասին, թե ինչ բան է բժշկական ապահովագրությունը:
Հարցման մասնակիցները, դրա արդյունքների համաձայն, բժշկական ապահովագրության ստանդարտ փաթեթը կցանկանային համալրել, նախ և առաջ, ատամնաբուժական ծառայություններով: Այդ համալրման օգտին քվեարկել է հարցման ենթարկվածների կեսից ավելին: Ստանդարտ ապահովագիրը պետք է ներառի նաև ախտորոշման հետազոտություններ: Այդպես է կարծում հարցման մասնակիցների 47 տոկոսը: Սիրտ-անոթային հիվանդությունների բուժումն ապահովագրի կարևոր լրացուցիչ բաղադրիչ է հարցման մասնակիցների ավելի քան մեկ երրորդի համար: Հարցվածների գրեթե մեկ քառորդը քվեարկել է ապահովագրում թերապևտի ծառայությունների ներառման օգտին, 14 տոկոսը` գինեկոլոգի և 4 տոկոսը` մաշկաբանի ծառայությունների ներառման օգտին:
Այն հարցին, թե արդյոք բժշկական ապահովագրության վկայականի գները համապատասխանում են սպասարկման որակին, հարցման մասնակիցները (բժշկական ապահովագրության վկայական ունեցողները) տարբեր պատասխաններ են տվել: Այսպես, հարցման ենթարկվածներից 4-ը կարծում են, որ ապահովագրական ծառայություններ մատուցելիս սպասարկման մակարդակը ապահովագրողների սահմանած գներից բարձր է: Հարցման մասնակիցներից 7-ը ապահովագիրը փոքր-ինչ թանկ է համարել, հարցման 500 մասնակիցներից 5-ը ապահովագրության արժեքը չափազանց բարձր է համարում: Ծառայությունների որակին գների լիակատար համապատասխանության օգտին քվեարկել է 43 հարցված:
Նշենք, որ M-Info (Մ-Ինֆո) խորհրդատվական ընկերություն է, որն զբաղվում է մարքեթինգային հետազոտությունների, հարցումների անցկացմամբ, շուկաների վերլուծությամբ, ինչեպս նաև Հայաստանի որոշակի ընկերությունների վերաբերյալ գործարար տեղեկատվության և բիզնես-տեղեկանքների նախապատրաստմամբ և տրամադրմամբ: Ընկերությունը հիմնվել է ԱրմԻնֆո լրատվական գործակալության մասնակցությամբ: