Ուրբաթ, 28 Դեկտեմբերի 2012 20:25
Հայաստանի բնակելի անշարժ գույքի շուկան, չնայած հագեցվածությանը, տարին ավարտում է 1% գնաճով
ԱրմԻնֆո. Հայաստանի բնակելի անշարժ գույքի շուկան /առանց հաշվի առնելու դեկտեմբերի ցուցանիշը, որը կհաշվարկվի 2013 թ. հունվարին/ տարին
ավարտում է ոչ մեծ գնաճով: Ինչպես վկայում են ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի`ԱրմԻնֆոյին տրամադրված տվյալները, բնակարանի միջին շուկայական գինը 2012
թ. հունվար-նոյեմբերին 2011 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ բարձրացել է 1%-ով`կազմելով միջինը 174.9 հազար դրամ/1քմ:
Այս աճը գլխավորասպես պայմանավորված էր մարզային բազմաբնակարան շենքերում բնակարանների 3,5% թանկացմամբ`մինչև միջինը 1/քմ դիմաց 81.9 հազար դրամ: Ի հակակշիռ դրան`մայրաքաղաքային բազմաբնակարան շենքերի բնակարանների գները մեկ տարվա ընթացքում նվազել են 0,3%-ով`կազմելով 2012 թ. 11 ամիսների ընթացքում միջինը 256.6 հազար դրամ/1քմ: Ընդհանուր առմամբ բնակարանների գները հանրապետությունում բարձրացել են 1,6% -ով`մինչև միջինը 169.2 հազար դրամ/1քմ: Ըստ որում, մասնավոր տների գները բարձրացել են 0,4%-ով` 2012թ. հունվար-նոյեմբերի տվյալներով կազմելով միջինը 180.5 հազար դրամ/1քմ, այդ թվում`մայրաքաղաքային մասնավոր տները թանկացել են 0,1%-ով`մինչև միջինը 274.5 հազար դրամ/1քմ, իսկ մարզային մասնավոր տները` 0,7% -ով`մինչև միջինը 86.6 հազար դրամ/1քմ:
Մինչդեռ անկախ փորձագետները և անշարժ գույքի շուկայի մասնակիցները բազմիցս հայտարարել են 2012 թ. պահպանվող`շուկայի լճացած վիճակի մասին: ՙԱկցեռն՚ անշարժ գույքի կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանի կարծիքով, բնակարանային շինարարությունում հետընթացը պայմանավորված էր ցածր պահանջարկով, որը, ինչպես հայտնի է, անմիջապես կախված է քաղաքացիների եկամուտների մակարդակից: Իր
բացասական ազդեցեությունն է ունեցել նաև Հայաստանի բնակիչների զանգվածային միգրացիան: ՙՇինարարական բիզնեսով զբաղվող մասնավոր ձեռնարկատերերն այժմ աշխատում են ՙզգուշորեն՚`շինարարության ժամկետները երկարացնելով մինչև լավագույն ժամանակներ, երբ պակաս կորուստներով մեծ շահույթ ստանալու հավանականությունը կմեծանա: Միաժամանակ ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հարցազրույցում Երևանի անշարժ գույքի բորսայի գլխավոր տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին ասել է, որ ճգնաժամային շրջանում գները նվազել են և գտնվում են սպասման վիճակում: ՙԱռայժմ երկրի տնտեսական վիճակը չի փոխվել, նշանակում է`գները ոչ մի կերպ չեն փոխվի, եթե, իհարկե, արտագաղթի նոր ալիք չսկսվի՚,- նշել է նա:
Շատ մասնագետներ նաև պնդում են, որ անշարժ գույքի գների անկումը մշտական բնույթ կկրի, քանի որ բնակարանների պահանջարկը մի քանի անգամ զիջում է առաջարկին: Ինչ վերաբերում է ավելի վաղ ֆիքսված բնակարանների գնաճին, ապա այն ապահովվել էր այդ թվում պահանջարկի պատճառով, որը, փորձագետների կարծիքով, ձևավորվել էր ՙարհեստականորեն՚` այսպես կոչված իշխանությունների թելադրմամբ: Շատ կոռումպացված պաշտոնյաներ ստիպված էին բնակարաններ գնել էլիտար շենքերում` իրենց ստվերային եկամուտներին համապատասխան, որոնց մասին հայտնի էր վերադասներին: Այսօր ոչ ոք չի ստիպում պաշտոնյաներին ՙի նշան երախտագիտություն՚ բնակարաններ ձեռք բերել, և նրանցից շատերը վաճառքի են դրել իրենց անշարժ գույքը, ինչի հետևանքով շուկան գերհագեցել է, ինչը և հանգեցրել է Երևանում գների էկան անկման: