Չորեքշաբթի, 6 Մարտի 2013 18:18
Քարտային CSR արշավի արդյունքներն ամփոփված են, 3 փոքրիկներ կստանան բուժում
ԱրմԻնֆո. Ամփոփվեցին 2012 թվականի նոյեմբերի 1-ից մինչև հունվարի 31-ը ՙՎճարի'ր քարտով, նվիրի'ր կյանք՚ կարգախոսի ներքո կայացած քարտային CSR արշավի արդյունքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, արշավի ընթացքում հավաքագրվեց 5.067 մլն ՀՀ դրամ, որը փոխանցվեց ՙՆվիրիր կյանք՚ հիմնադրամում գրանցված ծանր առողջական վիճակում գտնվող երեք երեխաների` Նելլի Պետրոսյանին, ոռ Ղազարյանին, Սուրեն Պողոսյանին, ովքեր արտասահմանում վիրահատության կարիք ունեն: 
Աղբյուրի համաձայն, Ամերիաբանկն, ինչպես խոստացել էր, ամենաակտիվ քարտապաններին որպես  երախտագիտություն այս արշավին մասնակցելու և փոքրիկներին այս աջակցությունն ապահովելու նպատակով ս. թ. մարտի 5-ին 5 ամենաակտիվ քարտապաններին նվիրեց iPhone 5 հեռախոս: 
Հիշեցնենք, որ արշավին մասնակցում էին Ամերիաբանկի բոլոր քարտապանները` անկանխիկ վճարումներ կատարելով աշխարհի ցանկացած անկյունում, ցանկացած առևտրի կետում, ինչպես նաև այլ բանկերի քարտապանները` վճարելով այն առևտրի կետերում, ուր տեղադրված են Ամերիաբանկի POS-տերմինալները: Անկանխիկ վճարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամի դիմաց 1 ՀՀ դրամը Ամերիաբանկն իր հասույթից փոխանցում էր երեխաների բուժմանը: 
Բանկն իր երախտիքն է հայտնել բոլոր այն քարտապաններին, ովքեր մեծ պատրաստակամությամբ իրենց ներդրումն ունեցան մեր մանուկներին սատար լինելու այս կարևոր նախաձեռնությանը` ինչպես քարտերով անկանխիկ վճարումներ կատարելով, այնպես էլ սոցիալական կայքերի և այլ կրիչների միջոցով արշավի մասին հաղորդագրության տարածմանը: