Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 18:06
Զարգացման Հայկական Բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է նոր վարկատեսակ` ՙԶարգացման վարկ՚
ԱրմԻնֆո. Զարգացման Հայկական Բանկը, ընդառաջ գնալով ձեռնարկատիրական գործունեությանը և բիզնեսի զարգացմանը` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է նոր վարկատեսակ` ՙԶարգացման վարկ՚: 
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, այս վարկատեսակը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում կամ պատրաստվում են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Վարկերը տրամադրվում են մինչև 6 տարի ժամկետով' մինչև 6 ամիս մարման արտոնյալ ժամանակահատվածով, 16% տարեկան տոկոսադրույքով, մինչև 15 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթ գումարի չափով: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 2 օրվա ընթացքում, իսկ գումարը տրամադրվում է հաշված օրերի ընթացքում: 
Աղբյուրի համաձայն, այս վարկատեսակն ունի մի շարք ուշագրավ առավելություններ, մասնավորապես` վարկը տրամադրվում է նաև սկսնակ բիզնեսի համար, դիմում-հայտի ուսումնասիրության վճար և գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն չի պահանջվում:
Բացի այդ, ընթացիկ ամսում Զարգացման Հայկական Բանկը բարելավել է իր ՙԱկնթարթային՚ սպառողական վարկի և քարտային վարկային գծերի պայմանները: Բանկը տրամադրում է ՙԱկնթարթային՚ սպառողական վարկեր մինչև 5 տարի մարման ժամկետով, մինչև 7 մլն ՀՀ դրամ, 22% տարեկան տոկոսադրույքով, և  արտարժութային քարտային վարկային գծեր մինչև 5 տարի մարման ժամկետով, մինչև 7 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթ, 18% տարեկան տոկոսադրույքով: Վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկի գումարը հաճախորդին տրամադրվում է հաշված օրերի ընթացքում: ՙԱկնթարթային՚ սպառողական վարկի և արտարժութային քարտային վարկային գծի մի շարք առավելություններից հատկանշական է հատկապես այն, որ վարկերը տրամադրվում են առանց եկամուտների և վարկի նպատակի հիմնավորման, գրավադրվող անշարժ գույքի գնահատման ծախսեր և ապահովագրում չի պահանջվում:
Ըստ ԱրմԻնֆո գործկալության` Հայաստանի բանկերի ռենկինգի, Զարգացման Հայկական Բանկի ակտիվները 2012 թ. ավելացել են 42%-ով`մինչև  51.1 մլրդ դրամ: Դրանց կառուցվածում շուրջ 70% -ը բաժին է ընկնում վարկային պորտֆելին, որը 2012 թ. ընթացքում աճել է 42,4% -ով`մինչև 35.6 մլրդ դրամ: Վարկային պորտֆելում մանրածախ վարկերին  բաժին է ընկնում 44,4% (15.8 մլրդ դրամ` 59,5% տարեկան աճով), իսկ կորպորատիվ վարկներին` 55,6% (19.8 մլրդ դրամ` 33% տարեկան աճով): Բանկի սպառողական վարկերի պորտֆելը 2012 թ. ավելացել է 81,8% -ով`մինչև 10.7 մլրդ դրամ: 2012  թ. բանկը եզրափակել է  գրեթե 1 մլրդ դրամ զուտ շահույթով` 15,8%. տարեկան աճով:  2013 թ. ապրիլի  1-ի դրությամբ բանկի վարկային պորտֆելը /հաշվի առնելով այլ փոխառություններ/ հասել է 37 մլրդ դրամի: