Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 21:15
ՀՀ Կադաստրի ներկայացուցիչ. Բացառիկ բնակարանների շուկան իրեն սպառել է
ԱրմԻնֆո. Երևանի բացառիկ բնակարանների շուկան իրեն սպառել է, քանի որ սահմանափակվել է ինչպես տարածապես, այնպես էլ ներուժի առումով: Այսօր ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում, ՙՏարվա ռիելտոր-2012՚ մրցույթի շրջանակներում, նման կարծիք է արտահայտել ՀՀ Անշարժ գույքի պետական կադաստրի գույքի գրանցման դեպարտամենտի բաժնի ղեկավար Հակոբ Մարտիրոսյանը:
ՙԱյն ամենը, ինչ կարելի էր կառուցել Երևանի կենտրոնում, արդեն կառուցված է, այն ինչ հնարավոր էր վաճառել, արդեն վաճառված է: Կենտրոն համայնքի նորակառույցները վաղուց վաճառված են: Իրացման որոշ գոտիներ դեռ մնացել են, բայց այնտեղ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում, հետևաբար, առաջիկայում, այսպես կոչված, էլիտար տների գծով գործարքների ակտիվացում ակնկալելն անիմաստ է՚,-ընդգծել է մասնագետը: Նա նշել է, որ ներկայումս ավարտին է մոտենում որոշ տների շինարարությունը, բայց դա էլ չի փոխի ընդհանուր պատկերը, քանի որ անավարտ էլիտար բնակարանների մեծ մասի բնակարանները նույնպես արդեն վաճառված են:
Ա.Մարտիրոսյանը տեղեկացրել է նաև, որ Երևանի բացառիկ բնակարանների գնորդներն են ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ սփյուռքահայերը: Ներկայումս բնակարանների նկատմամբ մի փոքր պահանջարկ են սկսել ցուցաբերել միջին խավի ներկայացուցիչները, որոնք ի վիճակի են բնակարան գնել հիփոթեքային վարկով: նորդների մեծ մասը երիտասարդ ընտանիքներ են:
ՙՀիփոթեքային շուկան մեզ մոտ դինամիկ կերպով զարգանում է, քանի որ մարդիկ գերադասում են բնակարաններ գնել ոչ թե սեփական միջոցներով, այլ հիփոթեքով: Երևանի էլիտար բնակարանների մոտ 90%-ը գնվել է հիփոթեքով և դրանց մեծ մասն այսօր գրավի տակ է՚,-մեկնաբանել է Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերվում է մարզերին, ապա մասնագետը գտնում է, որ բնակարանների ամենաակտիվ վաճառքները գրանցվել են Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում, ինչպես նաև Տաշիր և Մարտունի քաղաքներում: Ընդհանուր առմամբ, շուկայի վիճակը մասնագետը կապում է քաղաքացիների վճարունակության աճի, ինչպես նաև երկրի քաղաքական կայունության հետ: ՙԱնշարժ գույքի շուկան հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի յուրօրինակ բարոմետրը, ցանկացած պրոբլեմ բերում է շուկայական կոլապսի, իսկ անշարժ գույքի շուկայի աճն արտացոլում է տնտեսական կայունությունը երկրում՚,-եզրափակլ է Մարտիրոսյանը:
Նշենք, որ ՙՏարվա ռիելտոր-2012՚ մրցույթը, որը Երևանում կազմակերպվել էր MyRealty.am պորտալի կողմից, անցացվեց ապրիլի 20-ին:
Ըստ ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալների, փետրվարին բնակարանների միջին շուկայակաան գինը Հայաստանում աճել է 0.4%, տարեկան կտրվածքով` 5.5%, միջին հաշվով կազմելով` 181.4 հազ.դրամ 1 քառ. մետրի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 14571 գործարք, նախորդ ամսվա համեմատ աճելով 46.6%, իսկ տարեկան կտրվածքով` 1.3%: