Հինգշաբթի, 30 Մայիսի 2013 19:05
2013 թվականին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է զգալիորեն ակտիվացնել սպառողական վարկավորումը:
ԱրմԻնֆո. 2013 թվականի ընթացքում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն մտադիր է զգալիորեն ակտիվացնել սպառողական վարկավորումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նախատեսվում է մանրածախ վարկային պորտֆելը հասցնել 20,1 մլրդ ՀՀ դրամի:
ՙՀայաստանյան բանկերը սկսեցին սպառողական կարվավորումը դիտարկել որպես ռիսկերի նվազեցման և եկամուտների ստացման միջոց, որն իր հերթին հանգեցրեց շուկայում մրցակցության սրացմանը, և հետևաբար` նոր բանկային պրոդուկտների և առաջարկների պահանջարկի ձևավորմանը՚, - գտնում է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ Մանրածախ վարկավորման բաժնի պետ` Արմեն Համբարձումյանը: ՙԱյսօր սպառողական վարկավորման շուկայում բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտները շատ չեն տարբերվում իրարից: Հիմնականում բանկերը մրցակցում են վարկերի տրամադրման ժամկետների, վարկավորման գործընթացի ավտոմատացման, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատման համար: Մեր բանկը մշտապես կատարելագործում է իր վարկավորման պայմանները`փորձելով առավելագույնս պարզեցնել վարկերի ձևակերպման և տրամադրման ընթացակարգը՚, - հատկանշեց Ա. Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի առաջին եռամսյակում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ կողմից հաճախորդներին տրամադրված վարկերն ու այլ փոխառությունները կազմել են 93.9 մլրդ ՀՀ դրամ` 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11.4 մլրդ ՀՀ դրամով կամ 14%-ով: Վարկային պորտֆելի կառուցվածքում սպառողական վարկերի մասնաբաժինը կազմել է 18.3 մլրդ ՀՀ դրամ կամ 20%, առաջին եռամսյակում գրանցելով մոտ 16% աճ: