Հինգշաբթի, 20 Հունիսի 2013 19:50
EBRD մտադիր է 2013 թվականին Հայաստանի տնտեսությունում ներդնել 70-90 մլն.եվրո
ԱրմԻնֆո. EBRD մտադիր է 2013 թվականին Հայաստանի տնտեսությունում ներդնել 70-90 մլն.եվրո: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցին հայտարարել է EBRD երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
Նրա խոսքերով, տարվա առաջին 5 ամիսներին բանկն ստորագրել է 20 մլն.եվրո գումարով 5 նախագիծ: Այդ նախագծերն ուղղվել են բանկային հատվածին, ինչպես նաև լեռնահումքային և արդյունաբերության ոլորտներին: Նախատեսվում են նաև մի շարք այլ նախագծեր, որոնց շարքում նա նշել է ջրմուղի զարգացման նախագիծը:
ՙԵվրաբանկը կպահպանի այդ ուղղությունները նաև ընթացիկ տարում՚,-ասել է Ռազլոգը: Նա նաև նշել է, որ Հայաստանի բիզնես հատվածի ակտիվացման կապակցությամբ բանկը դիտարկում է որոշ ձեռնարկությունների կապիտալին իր մասնակցության հարցը:
Նշենք, որ EBRD հանդիսանում է Հայաստանի խոշորագույն ներդրողներից մեկը, որի հետ հանրապետությունը համագործակցում է 1994 թվականից: Այդ ժամանակից ի վեր բանկի ներդրումները Հայաստանի տնտեսությանը կազմել են 620 մլն.եվրո, իսկ միայն 2012-ին` 94 մլն.եվրո: Ներկայումս EBRD մասնակից է հայկական 4 բանկերի կապիտալներին, որոնցից երեքում մասնակցության բաժինը կազմում է 25%, իսկ մեկում` 14%: