Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 15:43
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն առաջարկում է դրամական միջոցները արժութային ռիսկերից պահպանելու հուսալի մեխանիզմներ
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն առաջարկում է դրամական միջոցները արժութային ռիսկերից պահպանելու հուսալի մեխանիզմներ: ՙՄեր բանկում արդեն մի քանի տարի է, ինչ գործում են հաճախորդների խնայողությունների պահպանման և դրանց արժութային ռիսկերի դիվերսիֆիկացման հուսալի մեխանիզմներ՚, - հայտնել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի պետ Նարինե Սարգսյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այսօր շուկայում նկատվում է չափազանց բարձր փոփոխականություն, որն առաջին հերթին վերաբերում է արտարժույթին ու ոսկու արժեքին: ՙԻրոք` շուկայում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ հիմնական արժույթների փոխարժեքների հետ կապված սպասումները շատ հակասական են, իսկ հաճախորդներից ներգրավված ավանդները, որոնց տեսակարար կշիռը բանկային համակարգի պարտավորություններում բավականին մեծ է, անընդհատ փոխարկվում են մի արժույթից մյուսը: Հարկ է նշել, որ չնայած դրամային ավանդների համեմատաբար բարձր տոկոսադրույքներին`արժութային ավանդների տեսակարար կշիռը մնում է գերիշխող: Ինչ վերաբերում է բնակչության խնայողություններին` կարծում եմ, որ շուկայական իրավիճակի փոփոխության, փոխարժեքների տատանման պայմաններում ճիշտ կլիներ դիվերսիֆիկացնել ռիսկը, այն է` խնայողությունները պահել ինչպես ազգային տարադրամով, այնպես էլ արտարժույթով (հիմնականում ԱՄՆ դոլարով, ինչը պայմանավորված է մեր տնտեսությունում դոլարի չափազանց կարևորությամբ և նրանով, որ այլ հիմնական արժույթներով ավանդների տոկոսադրույքները ցածր են, իսկ փոփոխականության ռիսկը` բարձր)` նախապատվություն տալով դրամին և ավելի բարձր տոկոսադրույքներին՚, - ասել է նա:
Այսօր բանկերն իրենց հաճախորդներին առաջարկում են փոխարկելի ավանդատեսակներ, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած պահի փոխել ավանդի արժույթը` պահպանելով կուտակված տոկոսագումարները: ՙՄեր բանկում գործում են բնակչության խնայողությունների պահպանման ևս մի քանի մեխանիզմներ: Դրանք են` առարկայազուրկ մետաղական հաշիվները (ԱՄՀ) և ՙՈսկե ստանդարտ՚ ավանդատեսակը, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդի հաշվում առկա գումարը կամ ավանդի գումարը վերածել առարկայազուրկ ոսկու` ստանալով հավելյալ եկամուտ ոսկու գնի տատանումից՚, - նշել է Ն. Սարգսյանը:
Ըստ Արմինֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի վարկանիշի, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ 2013 թվականի 1-ին եռամսյակում առաջատարների հնգյակում է ըստ արտարժութային գործառնությունների զուտ շահույթի չափի` 243.7 մլն դրամ`7% տարեկան աճով: Դրա կառույցում առյուծի բաժինը` 92%, պատկանում է արտարժույթի առքուվաճառքից ստացվղո զուտ շահույթին` 223.8 մլն դրամ: Ժամկետային ավանդների ցուցանիշներով բանկը առաջատար տասնյակում է 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ավանդների 32.9 մլրդն դրամ ծավալով (19,2% տարեկան և 11,3% եռամսյակային աճով), որոնց առյուծի բաժինը պատկանում է ֆիզիկական անձանց միջոցներին` 28.1 մլրդ դրամ: Ժամկետային ավանդների բաժինը բանկի ընդհանուր պարտավորություններւոմ կազմում է 31%.