Երեթշաբթի, 17 Սեպտեմբերի 2013 20:27
Ինեկոբանկը ստորագրեց 5 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Սևծովյան առևտրի և զարգացման Բանկի հետ
ԱրմԻնֆո. Ինեկոբանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) հետ կնքեց 5 մլն.ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որի միջոցները կուղղվեն Ինեկոբանկի համար ռազմավարական հանդիսացող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ԻՆեկոբանկի մամուլի ծառայությունից:
ՙՄենք ուրախ ենք ամրապնդել մեր հետագա համագործակցությունն Ինեկոբանկի հետ, որը վստահելի գործընկեր է և շուկայի առաջատար Հայաստանի ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում: Այս համագործակցության շնորհիվ ՍԱԶԲ-ն կկարողանա աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների ավելի լայն շրջանակի և խրախուսել մասնավոր սեկտորի զարգացումը ապահովելով առավել հասանելի ֆինանսական միջոցներ՚, - ասաց ՍԱԶԲ-ի նախագահ Անդրեյ Կոնդակովը:
ՙԻնեկոբանկը սերտ համագործակցում է ՍԱԶԲ-ի հետ 2007 թ-ից: Ուրախ եմ նշել, որ այս նոր պայմանագիրը հանդիսանում է հարատև համագործակցության արդյունք և հետագա համագործակցության առհավատչյա՚, - նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:
Նշենք, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը տրամադրելով վարկեր, վարկային գծեր և երաշխիքներ անդամ երկրների հանրային և մասնավոր ոլորտներում առևտրի ֆինանսավորման և այլ նախագծերի համար: ՍԱԶԲ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկի քաղաքում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, ՓՄՁ վարկավորման ոլորտում Ինեկոբանկը 48 մլրդ.դրամ ծավալով, որը կազմում է բանկը վարկային պորտֆելի մոտ 57%-ը, Հայաստանի բանկային համակարգում հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 21%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 5%: Հայաստանի բանկերի կողմից ՓՄՁ ոլորտում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալներում Ինեկոբանկի մասնաբաժինը կազմում է ավելի քան 10%:
Նշենք, որ Ինեկոբանկը հիմնադրվել է 1995 թվականին: Բանկի մաժորիտար բաժնետերն է ներկայիս գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը` 35.23%, ինչպես նաև Կարեն Սաֆարյանը` 30.34%, գերմանական KfW խմբի անդամ Deutsche Investitions-und Entwicklunsgesellschaft mbH (DEG)-ը` 12.58% և Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC)`9.32%: