Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2013 19:24
ՎԶԵԲ-ը 12.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ տեղական արժույթով վարկային փաթեթ կտրամադրի հայաստանյան ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին
ԱրմԻնֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) շարունակում է ուժեղացնել Հայաստանի մասնավոր հատվածում ֆինանսական միջնորդությունը, կենտրոնանալով հատկապես միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ների) վրա: Բացի այդ, Բանկը նպաստում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացմանը` օգնելով մասնավոր հատվածի սուբյեկտներին և բնակիչներին ներդրումներ կատարել էներգաարդյունավետության ծրագրերում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է կազմակերպության մամուլի ծառայությունից, ՎԶԵԲ-ը տրամադրում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին 9 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ տեղական արժույթով` ՄՓՄՁ-ների հետագա վարկավորման համար, ինչպես նաև 3.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար տեղական արժույթով` էներգաարդյունավետության վարկերի համար: ՎԶԵԲ-ի տրամադրած միջոցները կօգնեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին շարունակել աջակցել կենսունակ ՄՓՄՁ-ներին, որոնց համար ֆինանսավորման հասանելիությունը, հատկապես տեղական արժույթով, շարունակում է մնալ սահմանափակ:
Աղբյուրի համաձայն, Սա լինելու է էներգաարդյունավետության ծրագրերի համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին ն հատկացվող առաջին վարկային գիծը, որն օգտագործվելու է բնակիչների և ՄՓՄՁ-ների հետագա վարկավորման համար` բարելավելու էներգաարդյունավետությունը լավագույն տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու միջոցով:
ՙՍա Հայաստանում ստորագրված էներգաարդյունավետության վարկային ծրագրերից երրորդն է, իսկ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին տրամադրվող առաջին նման վարկն է Էներգաարդյունավետության կովկասյան ծրագրի (CEEP) շրջանակներում: Երեք տարի տևողությամբ ֆինանսավորման այս ծրագիրն ուղղված է էներգաարդյունավետության ֆինանսավորմանը և էներգիայի ռացիոնալ օգտագործման ներդրումներին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մանրածախ և ՄՓՄՁ հաճախորդների համար: ՎԶԵԲ-ը շարունակում է աջակցել Հայաստանում ՄՓՄՁ-ների վարկավորմանը, և առ այսօր ստորագրել է ավելի, քան 103 ԱՄՆ դոլար արժողությամբ 19 ծրագիր հայաստանյան` Բազմաբանկ ֆինանսավորման ծրագիր II-ի շրջանակներում՚,-ասաց ՎԶԵԲ-ի` երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսը:
ՙՄենք ուրախ ենք շարունակել ՎԶԵԲ-ի հետ մեր հաջող համագործակցությունը: Էներգաարդյունավետությանն ուղղված նոր վարկային գիծը մեզ թույլ կտա ներկայացնել այս նոր պրոդուկտը մեր հաճախորդներին և խթանել մեր մանրածախ և ՄՓՄՁ հաճախորդներին ավելի արդյունավետ կերպով օգտագործել Հայաստանի էներգետիկ պաշարները: Բացի այդ, տեղական արժույթով ՄՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագիրը տրամադրում է միջոցներ մեր հիմնական հաճախորդների` միկրո, փոքր և միջին բիզնեսների համար և կօգնի էլ ավելի ուժեղացնել մեր դիրքը ՄՓՄՁ-ների հատվածում՚, ասաց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան իշյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ԱԿԲԱ - ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը 2013 թվականի հոկտեմբերի 1 - ին, կազմել է 52.9 մլրդ դրամ (1 տեղ), կանոնադրական կապիտալը` 30 մլրդ դրամ (1 տեղ), ընդհանուր պարտավորությունները` 211.1 մլրդ դրամ դրամ (4 տեղ), ակտիվները` 264 մլրդ դրամ (3 տեղ): Ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումները և այլ փոխատվությունների կազմել են 64 %, գտնվելով առաջատարների եռյակում: ՓՄՁ պորտֆելով Բանկը պահպանում է առաջատարի դիրքերը, 2013 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմելով 56.8 մլրդ դրամ, կամ ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 30%-ը: Բանկի վարկային պորտֆելը հունիսի 30 – ին, ըստ ֆինանսավորվող ոլորտների, հիմնականում կենտրոնացած է` գյուղատնտեսությունում` մոտ 31%, արդյունաբերությունում` 20 %, և առևտրի ոլորտում` ավելի քան 13 %: Բանկի պարտավորությունների կառուցվածքում միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված միջոցները հունիսի 30 – ին կազմել են ավելի քան 47 % կամ ավելի քան 99 մլրդ դրամ, և այս ցուցանիշով բանկը զբաղեցնում է առաջին տեղը շուկայում: Բանկի զուտ շահույթը 2013 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է 3.9 մլրդ դրամ:
Նշենք, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում երկրի անկախության ձեռք բերման պահից ի վեր և առ այսօր Հայաստանում ներդրել է ավելի, քան 652 միլիոն Եվրո 123 ներդրումային ծրագրերում: Բանկը կենտրանանում է ֆինանսական ոլորտի զարգացման օժանդակության վրա, նպատակ ունենալով բարելավելու տեղական`հատկապես Հայաստանի գյուղական շրջաններում գործող ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիությունը: 2013թ. ՎԶԵԲ-ը Հայաստանում ստորագրել է 32 միլիոն Եվրո ընդհանուր արժողությամբ 7 ծրագիր: ՎԶԵԲ-ը, որը պատկանում է 64երկրների և երկու միջկառավարական հաստատությունների, աջակցում է շուկայական տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը:
Նշենք նաև, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը երկրում ֆերմերների և ագրոբիզնեսի վարկավորման առաջատարն է, ինչպես նաև նշանավոր դերակատար է ՄՓՄՁ-ների հատվածում, ունի լավ կազմակերպված մասնաճյուղերի ցանց և ֆրանշիզա: Բանկը ստեղծվել է 1995 թվականին, Եվրամիության ՙTACIS՚ ծրագրի շրջանակներում: 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: Բանկն իր ֆինանսական կայունության և հուսալիության շնորհիվ ձեռք է բերել մեծ հեղինակություն և վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ֆինանսական ասպարեզում: