Երեթշաբթի, 22 Հոկտեմբերի 2013 18:44
ՎԶԵԲ-ը 12.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ տեղական արժույթով վարկային փաթեթ կտրամադրի հայաստանյան ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին
ԱրմԻնֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հոկտեմբերի 22-ին ստորագրել են պայմանագիր, որի շրջանակներում Եվրոբանկը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին կտրամադրի տեղական արժույթով 12.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք սինթետիկ վարկ: Փաստաթուղթն ստորագրել են Բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղոկավար Մարկ Դևիսը:
Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշել է Ն.Հովհաննիսյանը, այդ գումարից 9 մլն. դոլարը կուղղվի միկրո և ՓՄՁ վարկավորմանը, իսկ 3.5 մլն.ԱՄՆ դոլարը` էներգաարդյունավետության ծրագրերի իրականացմանը: ՙԱյս ֆինանսավորման նպատակը միկրո և ՓՄՁ ձեռնարկությունների բիզնեսին աջակցելն է, ինչպես նաև ֆիզիկական անձանց` էներգասպառման տնտեսման համակարգերի ձեռքբերման և օգտագործման հարցում: Էներգաարդյունավետ տեխնոլոգիաների պահանջարկը միշտ էլ գոյություն ունի, հատկապես տնտեսվարող սուբյեկտների միջև մրցակցության պայմաններում, քանի որ նման տեխնոլոգիաների օգտագործումը թույլ կտա կրճատել արտադրական ծախսերը՚,-նշել է նա:
Ըստ բանկիրի, ՎԶԵԲ հետ համատեղ ծրագրի շրջանակներում վարկերը կտրամադրվեն 3 տարով, տարեկան տոկոսադրույքը դեռ պարզ չէ, բայց այն կլինի կամ միջին շուկայական, կամ դրանից ցածր: Ենթադրվում է, որ վարկը կիրացվի մեկ տարում: ՙՉի բացառվում, որ ՎԶԵԲ հետ նոր ծրագրերի շրջանակներում վարկերը կտրամադրվեն նաև ավելի երկար ժամկետներով՚,-նշել է Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ վարկերը կտրամադրվեն Հայաստանի ողջ տարածքում, հատկապես գյուղական վայրերում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ՎԶԵԲ-ի հետ աշխատում է 2005 թվականից և այսօր համատեղ ընդհանուր ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 97 մլն.դոլար, որից 55 մլն.դոլարը տրամադրվել է ազգային արժույթով: Ընդ որում, ավելի քան 48 մլն.դոլարն արդեն իրացվել է:
Իր հերթին Մ.Դևիսը նշել է, որ սա Եվրոբանկի կողմից Հայաստանում տրամադրվող երրորդ վարկն է` Կովկասի տարածաշրջանում էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում: Ընդ որում, ՎԶԵԲ-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին ՀՀ դրամով ֆինանսավորում է արդեն 4-րդ անգամ: ՙՄենք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին համարում ենք Հայաստանի հաջողված ունիվերսալ բանկերից մեկը: Մեզ համար կարևոր է, որ բանկը կենտրոնացած է ագրարային հատվածում: Վստահ ենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին տրամադրված միջոցները կօգտագործվեն արդյունավետորեն, ինչը թույլ կտա շարունակել համագործակցությունը նաև ապագայում՚,-նշել է ՎԶԵԲ ներկայացուցիչը:
Նշենք, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում երկրի անկախության ձեռք բերման պահից ի վեր և առ այսօր Հայաստանում ներդրել է ավելի, քան 652 միլիոն Եվրո 123 ներդրումային ծրագրերում: Բանկը կենտրանանում է ֆինանսական ոլորտի զարգացման օժանդակության վրա, նպատակ ունենալով բարելավելու տեղական`հատկապես Հայաստանի գյուղական շրջաններում գործող ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիությունը: 2013թ. ՎԶԵԲ-ը Հայաստանում ստորագրել է 32 միլիոն Եվրո ընդհանուր արժողությամբ 7 ծրագիր: ՎԶԵԲ-ը, որը պատկանում է 64 երկրների և երկու միջկառավարական հաստատությունների, աջակցում է շուկայական տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ԱԿԲԱ - ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը 2013 թվականի հոկտեմբերի 1 - ին, կազմել է 52.9 մլրդ դրամ (1 տեղ), կանոնադրական կապիտալը` 30 մլրդ դրամ (1 տեղ), ընդհանուր պարտավորությունները` 211.1 մլրդ դրամ դրամ (4 տեղ), ակտիվները` 264 մլրդ դրամ (3 տեղ): Ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումները և այլ փոխատվությունների կազմել են 64 %, գտնվելով առաջատարների եռյակում: ՓՄՁ պորտֆելով Բանկը պահպանում է առաջատարի դիրքերը, 2013 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմելով 56.8 մլրդ դրամ, կամ ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 30%-ը: Բանկի վարկային պորտֆելը հունիսի 30 – ին, ըստ ֆինանսավորվող ոլորտների, հիմնականում կենտրոնացած է` գյուղատնտեսությունում` մոտ 31%, արդյունաբերությունում` 20 %, և առևտրի ոլորտում` ավելի քան 13 %: Բանկի պարտավորությունների կառուցվածքում միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված միջոցները հունիսի 30 – ին կազմել են ավելի քան 47 % կամ ավելի քան 99 մլրդ դրամ, և այս ցուցանիշով բանկը զբաղեցնում է առաջին տեղը շուկայում: Բանկի զուտ շահույթը 2013 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է 3.9 մլրդ դրամ: