Ուրբաթ, 8 Նոյեմբերի 2013 18:14
Հայաստանի բանկերը պարտավորություններն ավելացրել են լորո-հաշիվների և ժամկետային ավանդների հաշվին
ԱրմԻնֆո: Հայաստանի բանկերում իրավաբանական անձանց ժամկետային ավանդների անկումը փոխարինվել է զգալի աճով` ֆիզիկական անձանց ավանդների աճի տեմպերի աննշան մեծացման պայմաններում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, 2013թ III եռամսյակում իրավաբանական անձանց ժամկետային ավանդների 6,7% անկումը փոխարինվել է 16% աճով, 27% տարեկան աճի պայմաններում` կազմելով 227.9 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների աճը III եռամսյակում արագացել է 2,3%-ից մինչև 5,1%, տարեկան 29,3% աճի պայմաններում` կազմելով 693.3 մլրդ դրամ:
Հայաստանի բանկերն ավելացրել են պարտավորությունները լորո-հաշիվների և ժամկետային ավանդների հաշվին` ընդ որում կրճատելով ցպահանջ պարտավորությունները: Մասնավորապես, հաշվետու եռամսյակում ցպահանջ պարտավորությունների 18% աճը փոխարինվել է 8,3% անկումով, տարեկան 19,4% աճի պայմաններում` կազմելով 442.5 մլրդ դրամ:Պարտավորությունների կառուցվածքում ամենաբարձր աճ է արձանագրվել դարձյալ լորո-հաշիվների գծով. III եռամսյակում 22,5% աճը հասել է 43,5%-ի` տարեկան 31,3% աճի պայմաններում կազմելով 10.9 մլրդ դրամ:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններն ամեն եռամսյակ շարունակում են դանդաղեցնել աճի տեմպերը, մասնավորապես, III եռամսյակում` 2,9%-ից մինչև 2,8%` տարեկան 17,1% աճի պայմաններում կազմելով 2.3 տրլն դրամ: Դրանց կառուցվածքում կառավարության հանդեպ պարտավորությունները հաշվետու եռամսյակում աճը դանդաղեցրել են 5,9%-ից մինչև 0,7%, կազմելով 70.1 մլրդ դրամ, որը 16,3%-ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Բանկերի և մյուս ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորությունների աճը III եռամսյակում արագացել է 0,4%-ից մինչև 4,7%` տարեկան 10,5% աճի պայմաններում կազմելով 747.7 մլրդ դրամ: Վճարման ենթակա տոկոսների 1% անկումը հաշվետու եռամսյակում փոխարինվել է 11,6% աճով, կազմելով 26.2 մլրդ դրամ, ինչը 12,9% տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Այլ պարտավորությունների 17,9% անկումը III եռամսյակում փոխարինվել է 0,2% աճով, տարեկան 4,8% աճի պայմաններում` 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 81.7 մլրդ դրամ (201.6 մլն դոլար):
ՀՀ ԿԲ համաձայն, միագումար ընդհանուր կապիտալի աճը III եռամսյակում արագացել է 1,9%-ից մինչև 3,8% (2012թ. III եռամսյակի 3,1% աճի դիմաց)` տարեկան 12,4% աճի պայմաններում հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 428.7 մլրդ դրամ (1.1 մլրդ դոլար): Միագումար ընդհանուր ակտիվների աճի տեմպերը III եռամսյակում արագացել են աննշան` 2,8%-ից մինչև 2,9% (2012թ. III եռամսյակի 4,3% աճի դիմաց), դրսևորելով տարեկան 16,3% աճ` 2013թ. հոկտեմբի 1-ի դրությամբ կազմելով 6.7 մլրդ դոլար (2.7 տրլն դրամ):
Կենտրոնական բանկի տվյալներով, 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործել է 22 բանկ (հաշվի առնելով Համահայկական բանկը) և 481 մասնաճյուղ (2013թ. հուլիսի 1-ին 477-ի, 2012թ. հոկտեմբերի 1-ին 465-ի և 2013թ. հունվարի 1-ին 479-ի դիմաց):