Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2013 14:50
Հայաստանի վարկային կազմակերպություններն ապահովել են զուտ շահույթի տարեկան 12.8 տոկոսանոց աճ, մինչև 11 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների միագումար ընդանուր եկամուտը 2013 թվականի 9 ամիսների արդյունքում կազմել է 31.5 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 24.7%: Ընդ որում, վարկային կազմակերպությունների ընդհանուր ծախսերը կազմել են 26.2 մլրդ.դրամ, տարեկան աճը՝ 27.9%: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, ծախսերի նկատմամբ եկամուտների գերակշռման արդյունքում ՎԿ-ների հաշվեկշռային շահույթը 2013 թվականի 9 ամիսներին կազմել է 5.3 մլրդ.դրամ, տարեկան աճը՝ 11%: Իսկ վարկային կազմակերպությունների զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 4.4 մլրդ.դրամ կամ 11 մլն.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 12.8%: Շահույթի նման աճն ապահովվել է միագումար վարկային պորտֆելի 25.5% աճի հաշվին:
Աղբյուրի համաձայն, ընդհանուր եկամուտների կառուցվածքում տոկոսային եկամուտները կազմել են 59.7% կամ 18.8 մլրդ.դրամ, տարեկան աճը՝ 25.1%: Ոչ տոկոսային եկամուտների տեսակարար կշիռն ընդհանուր եկամուտների կառուցվածքում կազմել է 16.2% կամ 5.1 մլրդ.դրամ, տարեկան աճը՝ 13%: Ընդհանուր եկամուտների կառուցվածքում տոկոսային ծախսերը կազմել են 27.1% կամ 7.1 մլրդ.դրամ, տարեկան աճը՝ 32.5%, իսկ ոչ տոկոսային ծախսերը կազմել են 36.3% կամ 9.5 մլրդ.դրամ, տարեկան աճը՝ 25.7%: Հնարավոր կորուստների պահուստին կատարված վճարները տարեկան կտրվածքով աճել են 28% կամ 9.6 մլրդ.դրամ, իսկ պահուստներից վերադարձված գումարները տարեկան կտրվածքով աճել են 3.3% կամ 7.6 մլրդ.դրամով:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 33 վարկային ընկերություն և 123 մասնաճյուղ, 2012 թվականի նույն ժամանակահատվածի 32 ընկերության և 90 մասնաճյուղի փոխարեն: Մասնավորապես, 2013 թվականի փետրվարին վարկային ընկերությունների ցանկը համալրեց <Կրեդո Ֆինանս> ընկերությունը: Արդյունքում, Հայաստանում արդեն գործում է 29 ունիվերսալ վարկային կազմակերպություն, երեք լիզինգային ընկերություն և մեկ վարկային միություն: Դրանցից չորսը մասնագիտանում են հիփոթեկի ոլորտում՝ Առաջին հիփոթեքային ընկերությունը, <Ֆիդնեսը> Ազգային հիփոթեքային ընկերությունը և Մատչելի բնակարան երիտասարդներին ընկերությունը: Իսկ վերջին երկուսը կոչված են հիփոթեկային վարկավորման վերաֆինանսավորման ոլորտում, վարկային պորտֆելի ծավալով գտնվելով առաջատարների հնգյակում: