Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2013 19:53
"Tonus construction" ՍՊԸ բնակարանային խաբեբայության զոհերի լուրջ տրամադրվածությունը ոչ մի կերպ չի նվազում
ԱրմԻնֆո. շինարարական ընկերության և Արցախբանկի կողմից իրականացված բնակարանային խաբեբայության զոհերը մտադիր են շաբաթ օրը, նոյեմբերի 16-ին, ժամը 11:00-ին շարունակել պիկետն Արցախբանկի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող <Նաիրի> մասնաճյուղի մոտ:
Հիշեցնենք, որ 2006 թվականին մոտ 700 անձ պայմանագիր էր կնքել Tonus construction-ի հետ, որի համաձայն շինարարական ընկերությունը պետք է Դավիթաշեն և Արաբկիր համայնքներում կառուցեր և 2008 թվականին շահագործման հանձներ բնակելի շենքեր: Հետագայում, տարբեր պատճառներով, երկարաձգվեցին պայմանագրերը: Բազմաբնակարան շենքերը, որոնցում գտնվող բնակարաններն արդեն վաղուց վաճառվել են երրորդ անձանց, ներկա պահին գրավադրված են Արցախբանկում: 6 մլն.դոլարի վարկը Tonus construction-ը մինչ օրս չի վերադարձրել բանկին, և, հետևաբար, շենքը գտնվում է կալանքի ներքո, իսկ գնորդները զրկված են անշարժ գույքը տիրապետելու իրավունքից: Ավելին, Tonus construction ընկերության սեփականատեր, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Տոնոյանն ավելի վաղ իրեն հայտարարել էր անվճարունակ, ինչպես նաև գնորդներին հայտարարել, որ ոչնչով չի կարող նրանց օգնել, քանի որ Արցախբանկն իրենից վերցրել է բնակարանները: Տեղին է նշել նաև, որ մինչ այդ Ա.Տոնոյանը <մասնակիցներից> հավաքել էր լրացուցիչ գումարներ` շենքի ներսի հարդարման աշխատանքների նպատակով:
Ներկա պահին նորակառույցների շինարարությունն ավարտված է 80%-ով, և շենքերը, ինչպես պնդում են սեփականատերերը, լիովին կարող են բնակեցվել, բայց նրանց անգամ շենքին մոտենալ չեն թույլատրում: Այս կապակցությամբ նոյեմբերի 14-ին բանկի վերոնշյալ մասնաճյուղի մոտ խաբված գնորդները կազմակերպեցին հանրահավաք, պահանջելով ազատել իրենց պատկանող բնակարանները գրավադրումից և տրամադրել դրանք օրինական սեփականատերերին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաջողվեց պարզել հանրահավաքի մասնակիցներից, բանկը բնակարանների սեփականատերերին առաջարկում է յուրաքանչյուր քմ մակերեսի համար ավելացնել ևս 300 դոլար` գրավադրումից բնակարանները դուրս բերելու համար: Իսկ սեփականատերերը յուրաքանչյուր քմ համար պատրաստ են ավելացնել միայն 50 դոլար, բայց ոչ` բանկի կողմից առաջարկված 300 դոլարը: Բնակիչները, ովքեր ավելի վաղ յուրաքանչյուր քմ համար արդեն վճարել են 600 դոլար, չեն ցանկանում վճարել նշված գումարը, քանի որ այդ դեպքում մեկ քմ մակերեսի ընդհանուր գինը կկազմի 900 դոլար: Իրենց մերժումը նրանք բացատրում են նրանով, որ նման գները համապատասխանում են Կոմիտասի պողոտայի, բայց ոչ Դավիթաշենի բնակարաններին: Սեփականատերերից մեկի խոսքերով, որոշ գնորդներ դեռ ամբողջությամբ չեն կատարել իրենց վճարները, և եթե այդ փողերը վճարվեն, խոսքը գնում է մոտ 1.5 մլն.դոլարի մասին, ապա շինարարությունը կարելի է հասցնել ավարտին:
Տեղին է նշել, որ ավելի վաղ Արցախբանկի մամուլի ծառայությունը ԶԼՄ-ներում հայտարարություն էր տարածել, որ բանկին հայտնի չի եղել Tonus construction-ի և քաղաքացիների միջև կիսակառույց շենքերի բնակարանների առք և վաճառքի նախնական պայմանագրերի, ինչպես նաև նախնական վճարների մասին: Կառուցապատողը վարկային պայմանագիր է ստորագրել Արցախբանկի հետ` շենքը կառուցելու համար վարկ ստանալու նպատակով, որի համաձայն նաև գրավադրել է այդ կիսակառույց շենքը: Սակայն, պայմանագրում ընկերությունը չի նշել երրորդ անձանց պահանջների մասին:
<Բանկը չէր կարող չիմանալ, որ այդ բնակարաններն արդեն վաճառված են, քանի որ ինքն էր իրականացնում գովազդային ակցիաները, քաղաքացիներին առաջարկելով գնել այդ բնակարանները: Ավելին, այդ բնակարանները գնելու նպատակով ռեգուլյար վճարներն իրականացվել են հատկապես Արցախբանկի միջոցով>, համոզված են հանրահավաքի մասնակիցները:
ԱրմԻնֆո-ի թղթակիցն իրավիճակը նաև Արցախբանկի տեսանկյունից պարզելու նպատակով դիմեց <Նարիրի> մասնաճյուղի աշխատակիցներին, բայց նրանք հրաժարվեցին այն մեկնաբանել: Իսկ ԱրմԻնֆո-ից դեպի Արցախբանկ զանգին պատասխանեցին, որ պարզաբանումներ կարող են տալի միայն բանկի ղեկավարության համաձայնությամբ: