Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2013 21:47
Հայկական դրամը 20 տարեկան է
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 22-ին հայկական դրամը դարձավ 20 տարեկան: Այդ օրը Հայաստանում նշվում է նաև որպես բանկային աշխատողի օր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, այսօր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում, տեղի է ունեցել ՀՀ ազգային արժույթի թողարկման 20-րդ տարեդարձի ու բանկային օրվա աշխատողին նվիրված ընդունելություն:
Ընդունելությանը ներկա են եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք, Միջպետբանկի նախագահը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դահլիճում ցուցադրվել են 1994 թ. առ այսօր ՀՀ ԿԲ-ի կողմից թողարկված բոլոր հուշադրամները: Տեղի է ունեցել նաև այս տարի թողարկված «Հայկական այբուբենի տառերը» հուշադրամների շարքի շնորհանդեսը: Հայկական տառերին նվիրված հավաքածուն բաղկացած է 39 ոսկե և 39 արծաթե հուշադրամներից:
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկաներին շնորհավորել է հայկական արժույթի թողարկման 20-ամյա հոբելյանական տարեդարձի և բանկային աշխատողի օրվա կապակցությամբ:
ԿԲ նախագահն իր ելույթում ասել է.
«Մեծարգո պարոն Նախագահ, հարգելի հյուրեր
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի թողարկման 20-րդ տարեդարձի և բանկային աշխատողի օրվա կապակցությամբ: 1993 թվականի նոյեմբերի 22-ին դեռևս նորանկախ Հայաստանում ներդրվեց ազգային արժույթը: Այս 20 տարիների ընթացքում և՛ բանկային համակարգը և՛ ազգային դրամը կարողացան հաղթահարել բազմաթիվ փորձություններով լի ուղի ու կերտել հարուստ պատմություն: Իհարկե, դժվար չէ պատկերացնել բազմապիսի մարտահրավերների առկայությունը նորանկախ մեր պետությունում, որտեղ Կենտրոնական բանկում անգամ նոր-նոր պետք է ձևավորվեին դրամավարկային քաղաքականության և ֆինանսական վերահսկողության գործառույթները, որտեղ դեռևս գրեթե բացակայում էին պետական պահուստային միջոցները: Այդ մարտահրավերների ներքո ամենադժվարն ու կարևորը՝ ազգային արժույթի և ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության մթնոլորտի ձևավորումն էր: Եվ, այնուամենայնիվ, շնորհիվ տարիների թիմային աշխատանքի, մեր աշխատանքի արգասիքը տեսնելու անհագ կամքի և հավատի՝ այսօր հպարտությամբ արձանագրում ենք, որ այսուհետ ունենք վստահելի ազգային արժույթ և ֆինանսական համակարգ՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով ու ինստիտուտներով: Ազգային դրամը լոկ վճարման միջոց չէ, այն մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից է, յուրաքանչյուր քաղաքացու հպարտությունը: Մեծագույն այս արժեքի գնահատումը միգուցե տարիներ էր պահանջում: Դրամի կայացման և վստահության ամրապնդման տարիներն արդեն պատմություն են»,-նշել է ԿԲ նախագահը:
«Վերջին հինգ տարիները ևս ապացուցեցին, որ Հայաստանի ֆինանսական համակարգը կենսունակ է լուրջ մարտահրավերներին դիմակայելու, և անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենախոցելի փուլում ֆինանսական համակարգը արձանագրեց վարկերի և ավանդների ծավալային աճեր` նպաստելով նաև տնտեսության աշխուժացմանը: Երբ աշխարհում բազմաթիվ ֆինանսական կառույցներ սնանկացան` առաջ բերելով սոցիալական ծանր հետևանքներ, իսկ որոշ դեպքերում դիմակայեցին՝ միայն պետության հսկայածավալ ֆինանսական աջակցության և պետության պարտքի բեռի զգալի մեծացման շնորհիվ՝ Հայաստանում որևէ ֆինանսական հաստատություն չունեցավ վճարունակության խնդիրներ և պետության կողմից օժանդակության կարիք: Իհարկե, ի լրումն Կենտրոնական բանկի հակաճգնաժամային քաղաքականությանը, մեծ էր նաև Կառավարության դերը, որի աջակցությամբ բանկերն իրականացրեցին փոքր, միջին և խոշոր բիզնեսների վարկավորման աննախադեպ ծրագիր: Այսօր Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության մասին է հավաստում նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից հրապարկված զեկույցը, որտեղ ամփոփված են նախորդ տարի վերջիններիս կողմից իրականացրած ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի առաքելության արդյունքները:
Նա նշել է, որ այս տարիները եղել են ոչ թե փորձություններին դիմակայելու, այլ փորձությունների միջով արժանապատվորեն անցնելու և զարգանալու տարիներ՝ ավելի հաստատակամ, ավելի նպատակային: Մասնավորապես, նա նշել է, որ 2009 թվականից սկսեց գործել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, որ այս տարիներին Կենտրոնական բանկը ակտիվացրեց հանրության վստահության բարձրացման, սպառողների շահերի պաշտպանության և հասարակության ֆինանսական կրթման ուղղությամբ լայնածավալ աշխատանքները: Օրենսդրորեն կրկնակի ավելացվեց ֆիզիկական անձանց երաշխավորված ավանդների սահմանաչափը՝ դրամով ավանդների համար` մինչև 4 մլն դրամի, իսկ արտարժույթով ավանդների համար` մինչև 2 մլն դրամի չափով երաշխավորված սահմանաչափ: Իսկ 2011թ. մեկնարկեց «Համահայկական բանկ»-ի գործունեությունը, որը կոչված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գերակա ոլորտներում ֆինանսական ներդրումներ իրականացնելու համար, և արդեն իսկ բանկն ունի որոշ վարկային ներդրումներ: Բացի այդ, զուգահեռ Կենտրոնական բանկը շարունակեց աջակցություն ցուցաբերել մի շարք սոցիալական և ինստիտուցիոնալ նշանակության բարեփոխումների իրականացման գործընթացներում, ինչպիսիք են ա/ սոցիալական վարկային ծրագրերը՝ հիփոթեքային, սպառողական, գյուղատնտեսական և այլն, բ/ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը, գ/ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև 2009թ. հիմնադրվեց Ազգային հիփոթեքային ընկերությունը, որը էապես նպաստեց հիփոթեքային շուկայի զարգացմանը:
Ջավադյանը նշել է, որ արդյունքում այս 5 տարիների ընթացքում տնտեսությունում ֆինանսական միջնորդությունը 2.5 անգամ խորացել է, վարկերի և ավանդների միջին տարեկան աճերը կազմել են մոտ 30-ական տոկոս, արձանագրվել է վարկերի միջին կշռված տոկոսադրույքների 3-ից 4 տոկոսային կետ նվազում, ֆինանսական ծառայություններից օգտվելու հասանելիությունը մեծացել է, բանկերում օրեցօր ամրապնդվում է կորպորատիվ կառավարման մշակույթը, իսկ հասարակության մոտ՝ որը շատ կարևոր է, ֆինանսական գրագիտության և ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթը: Համեմատության համար նշենք, որ, եթե 2008 թվականի վերջին բանկային համակարգի վարկերի մեծությունը կազմում էր 615 մլրդ դրամ, իսկ ակտիվների մեծությունը՝ 1.0 տրլն դրամ, ապա այսօր այդ մեծությունները կազմում են համապատասխանաբար 1.6 տրլն դրամ և 2.7 տրլն դրամ: «Սա ուղղակի վիճակագրություն չէ, այլ բանկային աշխատողների ամենամյա հետևողական աշխատանքի արդյունք»,-եզրափակել է ՀՀ ԿԲ նախագահը: