Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2013 19:17
Ամերիաբանկը «Ես ազատ եմ» թեմայով մրցույթի քվեարկության ժամկետը հետաձգել է մինչև դեկտեմբերի 20-ը
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը, ելնելով «Ես ազատ եմ» թեմայով մրցույթի մասնակիցների մեծ թվից, մրցույթի քվեարկության ժամկետը դեկտեմբերի 13-ից հետաձգել է մինչև դեկտեմբերի 20-ը, հետևաբար, հաղթողների անունները կհայտարարվեն դեկտեմբերի 24-ին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրը նշում է, որ սույն թվականի դեկտեմբերի 13-ին ավարտվում է Ամերիաբանկի կողմից հայտարարված մրցույթը` «Ես ազատ եմ» թեմայով, որը յուրաքանչյուր անհատի հնարավորություն էր տալիս լուսանկարի կամ տեսանյութի միջոցով ազատ արտահայտել սեփական պատկերացումներն ու ցանկություններն ազատության վերաբերյալ: Մրցույթին ներկայացված աշխատանքների քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 20-ը, իսկ մրցույթի հաղթողները կներկայացվեն դեկտեմբերի 24-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: Մրցույթի նախապես հայտարարված պայմանների համաձայն` նրանց կտրվի ազատություն մրցանակների ընտրության հարցում:
Հիշեցնենք, որ մրցույթի ամբողջ ընթացքում ստացված լուսանկարներից կընտրվի լավագույն 20-ը, ընդ որում, դրանցից 10-ը կլինեն Facebook-ում Հայաստանի Հանրապետության տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում առավելագույն ձայներ հավաքածները (1 LIKE-ը համարվում է մեկ ձայն), իսկ մնացած 10-ը կընտրվի Բանկի աշխատակիցների քվեարկության արդյունքներով: Բանկի Youtube սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութերից 10 լավագույնը կընտրվի` ելնելով դիտումների քանակից, իսկ մնացած 10-ը` Բանկի աշխատակիցների քվեարկության միջոցով:
Համակցված քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթողները կընտրվեն Բանկի ղեկավարության և աշխատակիցներից բաղկացած ստեղծագործական խմբի քվեարկության արդյունքերով: Հաղթող ճանաչված 3 լուսանկարը և 3 տեսանյութը կարժանանան առաջինից երրորդ տեղերի համար հայտարարված մրցանակներին` իրենց իսկ ընտրությամբ:
«Ես ազատ եմ» թեմայով մրցույթը մեծ հետաքրքրություն և ոգևորություն առաջացրեց հանրության շրջանում: Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնում մրցույթի մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցում են քվեարկությանը: