Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2013 18:17
2013 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ պլաստիկ քարտերի քանակն աճել է 15.5%, իսկ պլաստիկ տրանսակցիաների ծավալը` 37.9%
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 30-ի դրությամբ 2013 թվականում Բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է 18 627, որի աճը 2012 թվականի համեմատ կազմել է 15,5%: Բանկի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունն աճել է 37,94%-ով, իսկ կանխիկացման կետերում` 8,35%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«2014 թվականին անկանխիկ վճարումների ծառայությունը կշարունակի զարգանալ: Վերջին տարիներին պլաստիկ քարտերի շուկան Հայաստանում բուռն զարգացում է ապրում` բանկերի մեծ մրցակցության պատճառով: Դա բացատրվում է քարտերի թողարկման և գործարքների ծավալների կտրուկ աճով, ինչպես նաև վերջերս Հայաստանի բանկերում քարտային նոր ծառայությունների ներդրմամբ: Ինչ վերաբերում է մեր բանկին նշեմ, որ առ այսօր Հայաստանում մենք միակ բանկն ենք, որը հավաստագրված է Visa և MasterCard վճարային համակարգերի կողմից համացանցում էքվայրինգ իրականացնելու համար: 2014թ. Բանկը մտադիր է իր հաճախորդներին առաջարկել մի շարք հետաքրքիր քարտային նախագծեր», - հայտնել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը, միջազգային Visa և MasterCard քարտերի թողարկումից ու սպասարկումից բացի, 2012 թվականից ձեռնամուխ է եղել նաև տեղական ArCa քարտերի թողարկմանը: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թիվը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին կազմել է ավելի քան 32 հազ.քարտ, որոնց մեծամասնությունը հանդիսանում են Visa քարտեր: Visa քարտերի քանակով բանկը գտնվում է բանկային համակարգի առաջատարների տասնյակում: Աշխատավարձային քարտերը կազմում են ակտիվ քարտերի ընդհանուր թվի 80%-ը: Ներկայումս բանկն ունի 78 բանկոմատ և 325 POS-թերմինալ: Մինչև 2013 թվականի ավարտը բանկը նախատեսում է ակտիվ քարտերի թիվը հասցնել 40 հազարի, քարտերով իրականացվող շրջանառությունը` 70 մլրդ.դրամի, իսկ աշխատավարձային նախագծերի թիվը` 157-ի:
Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկ» ԲԲԸ ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80%-ը: 2008 թվականի հուլիսին Գազպրոմբանկի մասնաբաժինը հասավ 94.15%-ի, իսկ 2008 թվականի սեպտեմբերին` 100%-ի: