Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2013 14:21
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ ընտրեցին ակցիայի հաղթողներին:
ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն պարգևատրեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված ակցիայի հաղթողներին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ ս.թ. դեկտեմբերի 25-ին, իսկ ամենաակտիվ քարտապանն արժանացավ գլխավոր մրցանակին`Iphone 5:
Աղբյուրի համաձայն, ակցիային մասնակցեց մոտ 2606 քարտապան, որոնցից ընտրվեցին նշված ժամանակահատվածում ամենամեծ քականությամբ և գումարով անկանխիկ վճարումներ իրականացրած 45 քարտապան: Վերջիններիս հանձնվեցին թանկարժեք մրցանակներ` IPAD-ներ, թվային տեսախցիկներ, IPOD-ներ և այլն:
Հիշեցնենք, որ հատուկ ակցիան անցկացվում էր սեպտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 29-ը և նվիրված էր Առէկսիմբանկի 15-ամյա հոբելյանին: Նշված ժամանակահատվածում ցանկացողներին տրամադրվեցին MasterCard Standard չիպային քարտեր 1 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի` հաճախորդի կողմից նշված արժույթով: Միաժամանակ տրամադրվեցին MasterCard Gold ոչ չիպային քարտեր`1 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի և 2000 դրամ տարեկան սպասարկման վճարով: Հանրապետության տարբեր առևտրային կետերում բանկի քարտերով իրականացված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմաց ակցիայի մասնակիցներին հաշվեգրվեցին համապատասխան միավորներ, որոնց արդյունքներով էլ ընտրվեցին հաղթողները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղակագրի, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվ քարտերի քանակը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է մոտ 33 հազար, որտեղ առյուծի բաժինը կազմել են Visa քարտերը, իսկ MasterCard համակարգի քարտերի թիվը հասել է մոտ 10 հազարի: Նույն օրվա դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ունի 78 բանկոմատ (մեծ մասը Երևանում), ինչպես նաև 325 սեփական POS-տերմինալ:
Նշենք, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն 2007 թվականի նոյեմբերին ձեռք բերեց հայկական «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ բաժնետոմսերի 80%-ը, իսկ 2008 թվականի հուլիսին իր մասնաբաժինը հասցրեց 94.15%-ի: Հետագայում, 2008 թվականի նոյեմբերին Ռայֆֆայզենբանկից գնեց մնացած 5.85% բաժնետոմսերը, դառնալով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ի տիրապետողը: