Երկուշաբթի, 20 Հունվարի 2014 14:46
Հայկական եվրաբոնդերը կցուցակվեն տեղական ֆոնդային բորսայում
ԱրմԻնֆո. Հայկական եվրաբոնդերը կցուցակվեն տեղական ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում: Այս մասին Դիլիջանում կայացած` ֆոնդային բորսայի տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը և լավագույն մասնակիցների պարգևատրմանը նվիրված միջոցառմանը հայտարարել է բորսային ղեկավար Կոնստանտին Սարոյանը, ճշգրտելով, որ եվրապարտատոմսերի ցուցակումը և հետագա շրջանառությունը տեղի կունենա 2014 թվականի առաջին եռամսյակում: Այսպիսով, 700 մլն.դոլար ծավալով, 6% եկամտաբերությամբ և 7 տարի մարման ժամկետով հայկական եվրաբոնդերն առաջին անգամ դուրս կգան արժեթղթերի կազմակերպված շուկա:
«Եվրապարտատոմսերը պետք է լինեն մատչելի գործիք ոչ միայն օտարերկրյա ներդրողների, այլ նաև Հայաստանի ներդրողների ու շարքային քաղաքացիների համար»,-նշել է բորսայի ղեկավարը: Նա տեղեկացրել է, որ դրանց սպասարկումը ներկայումս իրականացվում է միջազգային քլիրինգային համակարգերի միջոցով, որտեղ մեկ գործարքի նվազագույն գինը կազմում է 200 հազ.դրամ:
Հայկական եվրաբոնդերից բացի, ինչպես նշել է Կ.Սարոյանը, ֆոնդային բորսայում ընթացիկ տարում կցուցակվեն նաև դրամային պարտատոմսերը, որոնք թողարկվել են Հայաստանում գտնվող միջազգային կառույցների կողմից: Նշենք, որ 2013 թվականի դեկտեմբերի վերջին IFC-ն թողարկեց 2 մլն.դրամ ծավալով դրամային պարտատոմսեր: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, երկարաժամկետ փոխառություններով կապիտալի շուկա դուրս գալու իր մտադրությունների մասին հայտարարել է նաև EBRD-ն: