Ուրբաթ, 24 Հունվարի 2014 20:12
ՀՀ ԿԲ. Հայաստանում իրենց կենսաթոշակային հիմնարդամն ընտրել են ընդամենը մի քանի հազար քաղաքացիներ
ԱրմԻնֆո: Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո իրենց կենսաթոշակային հիմնադրամն ու դրա կառավարիչին ընտրել են ընդամենը մի քանի հազար քաղաքացիներ. Նոր համակարգի մասնակից 250 հազար քաղաքացիներից ընտրություն կատարածների թիվն առայժմ 10 հազարի չի հասնում: Այդ մասին հունվարի 24-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
Նրա ասելով, կամավոր հիմնադրամ և կառավարիչ ընտրած մարդկանց այդքան փոքր թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիներն առայժմ պատրաստ չեն գիտակցաբար ընտրություն կատարել, քանի որ պատկերացում չունեն երկրում անցկացվող կենսաթոշակային բարեփոխումների և հիմնադրամների մասին: «Գալով փոստային բաժանմունք կամ բանկեր, որոնք սպասարկում են կենսաթոշակային հաշիվները, մարդիկ խորհուրդ են հարցնում այն մասին, թե որ հիմնադրամն ընտրել: Սակայն, ինչպես հայտնի է, կենսաթոշակային հաշիվների օպերատորներն իրավունք չունեն ազդել քաղաքացիների ընտրության վրա», - նշել է Ա.Գրիգորյանը:
Այդուհանդերձ, շարունակել է նա, այնպիսի միջազգային կազմակերպությունների հետազոտությունները, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, IFC-ը և USAID-ն, վկայում են այն մասին, որ Հայաստանի նման տնտեսական կոնյունկտուրա ունեցող երկրների համար կամավոր ընտրություն կատարած 10 հազար մարդը միանգամայն գոհացուցիչ ցուցանիշ է: «Սակայն ԿԲ 10 հազար մարդու հասնելու կամ գերազանցելու նպատակ չի դնում», - նշել է Ա.Գրգորյանը:
Նա չի նշել, թե «C-QUADRAT Ampega Asset Management Armenia» ՍՊԸ կամ «Amundi-ACBA-Asset-Management» ՓԲԸ կառավարող ընկերություններից որն է առավել նախընտրելի քաղաքացիների համար, ասելով, որ դա կարող է գնահատվել որպես գովազդ կամ հակագովազդ:
Մեկնաբանելով ԱրմԻնֆոյի այն հարցը, թե արդյոք պետք է ակնկալել նոր ընկերությունների մուտք հայկական շուկա, ԿԲ ներկայացուցիչը նշել է, որ երկրի շուկան դրա համար չափազանց փոքր է:
Ա.Գրիգորյանը նաև պարզաբանել է, որ քաղաքացիները հնարավորություն ունեն հիմնադրամ և կառավարիչ ընտրել մինչև մարտի սկիզբը: Դրանից հետո կգործարկվի ինքնաբերաբար ընտրության համակարգը, որը կանցկացվի բացառապես, այսպես կոչված, պահպանողական ֆոնդերի միջև:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվել է 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից` դրա պարտադիր բաղադրիչը: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: <Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին> օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):
Ավելացնենք, որ հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է մինչեւ ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին: Օրենքի ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ ՍԴ հայց են ներկայացրել խորհրդարանի ոչ իշխանական ՀԱԿ, ՀՅԴ, ՙԺառանգություն՚ և ԲՀԿ խմբակցությունները: