Շաբաթ, 1 Փետրվարի 2014 14:48
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերը տեղաբաշխվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
ԱրմԻնֆո. 2014թ.-ի հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին թողարկման տեղաբաշխումը:
Ընկերության 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով լողացող արժեկտրոնով պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով: Արժեկտրոնի մեծությունը հղված է ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող 6 ամսյա պարտատոմսերի եկամտաբերության կորի արժեքին, որին գումարվում է 0.3% մարժա հետագա արժեկտրոնային վճարման համար: Աճուրդի ընթացքում ձևավորված` արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը կազմել է 8.555%:
Նշանակալի է, որ սա միջազգային ֆինանսական կազմակերպության կողմից թողարկված պարտատոմսերի առաջին բորսայական հրապարակային տեղաբաշխումն է Հայաստանում, որը ընդլայնում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման տեխնոլոգիաներն օգտագործող հաճախորդների ցանկը և Հայաստանի կապիտալի շուկայում ներդրումային հնարավորությունների ընդլայնման հիմք է ստեղծում:Այս տեղաբաշխմանը աջակցել են ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ն և ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ-ն:
Հարկ է նշել, որ EBRD-ն, բորսայում իրականացնելով դրամով արտահայտված պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում, նախընտրել է հանդես չգալ այդ իրադարձության վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, ինչը չեն կարող հասկանալ կապիտալի շուկայի փորձագետները: EBRD հիշյալ որոշումը, նրանց կարծիքով, բանկի հովանավորական ժեստն`ի աջակցություն Հայաստանի իշխանություններին, և թույլ կտա ընդլայնել ֆինանսական գործիքակազմը կապիտալի շուկայում` Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման նախաշեմին: