Երեքշաբթի, 11 Փետրվարի 2014 19:49

Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` այս անգամ 7,75%-ից մինչև 7,5%


ԱրմԻնֆո. Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` այս անգամ 7,75%-ից մինչև 7,5%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցնելու մասին որոշում է կայացվել 2014 թվականի փետրվարի 11-ին` ԿԲ խորհրդի նիստում:

ԿԲ տվյալներով, 2014թ. հունվարին արձանագրվել է 2.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 5.5%՝ համընկնելով իր տատանումների
թույլատրելի միջակայքի վերին սահմանի հետ: Վերջին ամիսներին գնաճը նվազել է
սպասվածից ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված նախանշվածից ցածր
տնտեսական ակտիվությամբ և հիմնական պարենային ապրանքների միջազգային
գների նվազմամբ: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը
կշարունակի նվազել և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային
ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝
պայմանավորված 2013թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման
ազդեցության վերացմամբ:

Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել
են հիմնականում կանխատեսվածի շրջանակներում: Շարունակվել են
համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման
միտումները, հումքային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է ոչ
գնաճային միջավայր, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում դիտվել
է գնանկում: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին
հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատել է, որ, չնայած չորրորդ եռամսյակում տնտեսության որոշ
չափով աշխուժացմանը, տնտեսական աճի տեմպերը դեռևս շարունակում են ցածր
մնալ՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի ավելացված արժեքի
նվազմամբ: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների
իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014թ-ի երկրորդ կեսից սպասվող
ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ և մասնավոր
ներդրումների կայունացմամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանը
և գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, տարեվերջից 12-ամսյա գնաճը
կձևավորվի իր նպատակային մակարդակի, իսկ տնտեսական աճը՝ իր ներուժի շուրջ:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ առկա են զգալի
անորոշություններ արտաքին և ներքին տնտեսական զարգացումների առումով,
որոնց դրսևորումներից ելնելով ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության
հետագա ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը
միջնաժամկետ հատվածում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել էր ՀՀ ԿԲ 2013թ. դեկտեմբերի 24-ի նիստում` 8%-ից մինչև 7.75%: Այն ժամանակ իջեցվել էին նաև լոմբարդային ռեպո տոկոսադրույքները` 9,5%-ից մինչև 9,25%, և ներգրավված ավանդների տոկոսադրույքները` 6,5%-ից մինչև 6,25%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ իջեցումը տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերի 12–ին` 8,5%-ից մինչև 8 %: Նույն օրը 0.5 տոկոսային կետով իջեցվել էին ներգրավված ավանդների տոկոսադրույքները` 7%-ից մինչև 6.5%, ինչպես նաև լոմբարդային ռեպո տոկոսադրույքը` 10%-ից մինչև 9.5 %: Մինչ այդ 2011 թվականի ապրիլի 12-ին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել էր 8.5 %-ից մինչև 8%, այդ մակարդակում պահպանելով մինչև 2013 թվականի օգոստոսի 13-ը, երբ այն կրկին բարձրացվել էր մինչև 8.5%: Մեգառեգուլյատորի օգոստոսյան այդ որոշումը թելադրված էր ինֆլյացիոն սպասումները զսպելու և էներգակիրների թանկացման երկրորդային ազդեցությունները մեղմելու նկատառումով: ՀՀ ԿԲ խորհուրդը 2013 թվականի օգոստոսի 13-ին վերանայել էր նաև ներգրավված ավանդների տոկոսադրույքները` դրանք բարձրացնելով 6.5 %-ից մինչև 7%, իսկ լոմբարդային ռեպո-ն թողնելով 10%, պահպանելով այդ մակարդակում մինչև անցած տարվա նոյեմբերի 12-ը: