Ուրբաթ, 21 Փետրվարի 2014 19:04
ԱՀԸ իններորդ թողարկման պարտատոմսերը թույլատրվել են առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
ԱրմԻնֆո: 2014թ. փետրվարի 21-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 9րդ թողարկումը թույլատրվել է առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում: Պարտատոմսերը NMCCB9 հապավմամբ շրջանառվելու են բորսայի պարտատոմսերի ազատ շուկայում (Cbond):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բորսայի մամուլի ծառայությունից, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 805 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և մեկ տարի մարման ժամկետով 8,050 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր:
Հիշեցնենք, որ պարտատոմսերի այս թողարկումը տեղաբաշխվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2014թ. փետրվարի 5-ին: Տեղաբաշխմանը ենթակա էին 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 1 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով և 12 ամիս մարման ժամկետով 100,000 հատ զեղչատոկոսային պարտատոմս: Ընկերության ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել էր 924,419,680 ՀՀ դրամ, իսկ տեղաբաշխումից ստացված հասույթը՝ 741,058,200 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել էր 8,6766%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 8,8013%:
Ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի ևս երեք թողարկումներ թույլատրված են առևտրին և շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ շուկայում:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի վարկային ընկերությունների ռենքինգի» համաձայն, ԱՀԸ ակտիվները 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 30 մլրդ դրամ (մեկ տարում 21,4% աճ): Այդ ցուցանիշի գծով ընկերությունն առաջին տեղն է զբաղեցնում վարկային ընկերությունների շրջանում: Ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումներին բաժին է ընկել 80% կամ 24 մլրդ դրամ (մեկ տարում 2,1% աճ): 2013 թվականի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 578.1 մլն դրամ (տարեկան 26,4% աճով): 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՀԸ ընդհանուր կապիտալը կազմել է 10.7 մլրդ դրամ (3-րդ դիրքը վարկային ընկերությունների շուկայում):