Հինգշաբթի, 13 Մարտի 2014 18:50
Ավտոմեքենաների կամավոր ապահովագրությունը կորցնում է աճի տեմպերը
ԱրմԻնֆո. Ցամաքային տրանսպորտի կամավոր ապահովագրությունը կորցնում է աճի տեմպերը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2013 թվականին ավտո-կասկո հատվածը Հայաստանում աճել է ընդամենը 9 %, մինչև 2.1 մլրդ դրամ: Մինչդեռ, 2012 թվականին ապահովագրական այս դասի պրեմիաներն աճել էին 40%: Սակայն, հարկ է նշել, որ 2011 - ին, կապված ԱՊՊԱ ներդրման հետ, ավտո-կասկո հատվածը կրճատվեց 3 %: Իսկ մինչ այդ ցամաքային տրանսպորտային միջոցների կամավոր ապահովագրության ընդհանուր պորտֆելը տարեկան աճում էր 30-40 %:
2013 թվականին դանդաղել են նաև ապահովագրական հատուցումների աճի տեմպերը: Հաշվետու տարում, ըստ ապահովագրական Ռենկինգի, Հայաստանի 7 ապահովագրողները ԿԱՍԿՈ գծով իրականացրել են 1,4 մլրդ.դրամի հատուցում, տարեկան կտրվածքով գրանցելով 7,6% աճ: 2012 թվականին ապահովագրական հատուցումներն աճել են 38 %, 2011 –ին` 46.4%, իսկ 2010 թվականին, սակայն, նվազել են 3%: Այսպիսով, վերջին 3 տարիներին (2010 – 2013թթ) ապահովագրական հատուցումների ծավալը Հայաստանում աճել է ավելի քան 3 անգամ, իսկ պրեմիաները` ընդամենը 32 %:
2014 թվականի հունվարի 1 – ի դրությամբ ավտո-կասկո հատվածում գործող ապահովագրական պայմանագրերի ընդհանուր թիվը կազմել է 10,846 պայմանագիր: Միայն 2013 թվականին այդ ցուցանիշը կազմել է 4441 պայմանագիր: Այս հատվածում ապահովագրական պրեմիաների ծավալով առաջատարն է Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական ընկերույթունը (տարեկան աճը` 9%), կազմելով 646 մլն դրամ: Երկրորդ տեղում է ԻՆԳՈ Արմենիան` 432 մլն դրամ (տարվա անկումը` 10.7%), ավտո-կասկո-ի հատվածում երրորդ տեղում է Նաիրի Ինշուրանսը`360,7 մլն դրամ (տարեկան աճը` 0.4%): Նվազագույն ցուցանիշն արձանագրել է Գարանտ Ինշուրանսը` 31.8 մլն դրամ (տարվա անկումը` 56%): Ապահովագրական այս հատվածում իրականացված ապահովագրական հատուցումների գծով նույնպես առաջատարները դասավորվել են նույն հերթականությամբ:
Հավաքագրված ապահովագրական պրեմիաների մոտ քառորդը (546 մլն դրամ) Հայաստանի ապահովագրական ընկերություններն ուղղել են վերաապահովագրությանը, արձանագրելով տարեկան 15.4 % աճ:
Նշենք, որ ԿԱՍԿՈ գծով ապահովագրական սակագները կախված են մի շարք գործոններից, այդ թվում`վարորդական փորձից, ֆրանշիզայի չափից, ավտոմեքենայի շուկայական արժեքից, ինչպես նաև ապահովագրական ծածկույթից: