Հինգշաբթի, 27 Փետրվարի 2014 20:50
Առէկսիմբանկը և Visa-ն ձեռնամուխ են եղել Հայաստանում անկոնտակտ վճարների ներդրմանը
ԱրմԻնֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը և Visa ընկերությունը հայտարարել են Visa payWave անկոնտակտ քարտերով Հայաստանում վճարների ընդունման համակարգի մեկնարկի մասին: Դրանով Առէկսիմբանկը դարձավ առաջին բանկը Հայաստանում, որը ձեռնամուխ եղավ երկրում անկոնտակտ վճարների ընդունման տեխնոլոգիաների ներդրմանը:
Հայաստանում առաջին Visa payWave անկոնտակտ տրանսակցիան տեղի է ունեցել փետրվարի 27-ին, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի Երևանում գտնվող խանութներից մեկում: Գնումը կատարել է Visa վճարային համակարգի Կովկասյան տարածաշրջանի մենեջեր Իրինա Կամխաձեն:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Հայաստանում Visa payWave ներդրումը մեկնարկ տվեց անկանխիկ ինդուստրիայի զարգացման նոր փուլին: «Երկրում առաջին Visa payWave նախագծի գործարկումը սպառողներին գործնականում առաջարկում է վճարների իրականացման ակնթարթային և յուրահատուկ փորձ, մեկ հպումով, իսկ բանկերին` քարտային բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ»,-ասել է Կամխաձեն: Visa payWave տեխնոլոգիաները, շարունակել է նա, համապատասխանում են չիպային քարտերի համար նախատեսված միջազգային EMV ստանդարտներին: Ապահովվում է քարտերի և վճարային թերմինալների ֆունկցիոնալ համապատասխանությունը ողջ աշխարհում: Այսպիսով, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ անկոնտակտ թերմինալներում կարող են ընդունվել բոլոր Visa payWave քարտերը, անկախ այդ քարտը թողարկող բանկից կամ երկրից: «Մեր գործընկեր Առէկսիմբանկի ջանքերի շնորհիվ Հայաստանը միացավ այն երկրներին, որտեղ սպառողներն արդեն հնարավորություն ունեն առավելապես օգտվել Visa payWave անկոնտակտ տեխնոլոգիաներից, որոնք առկա են 50 երկրներում, ԱՊՀ և Վրաստանի հետ միասին»,-եզրափակել է Visa-ի ներկայացուցիչը:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանն էլ իր հերթին նշել է, որ մինչև ամառ բանկը մտադիր է տեղադրել վճարային թերմինալներ, որոնք հնարավորություն կունենան ընդունել Visa քարտերն առևտրի տարբեր կետերում, իսկ Visa payWave քարտերի թողարկման մեկնարկը նախատեսվում է 2014 թվականի մայիսի վերջին: «Մեր պլաններում կա ոչ միայն անկոնտակտ քարտերի էկվայրինգը, այլ նաև թողարկումը, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը»,-ընդգծել է Խաչատրյանը, հիշեցնելով, որ բանկը Հայաստանում առաջինը դարձավ Visa համակարգի սկզբունքային անդամը, թողարկելով այդ համակարգի առաջին քարտերը և գործարկելով ինտերնետ-էկվայրինգի առաջին նախագիծը:
Visa payWave տեխնոլոգիան թույլ է տալիս վճարներն իրականացնել գրեթե ակնթարթում (մեկ հպումով), առևտրի բոլոր այն կետերում, որոնք կահավորված են համապատասխան սարքավորումներով: Ընդ որում, տրանսակցիաներ իրականացնելիս քարտը վճարային թերմինալի մեջ դնելը, չեկերի վրա ստորագրելը կամ ծածկագրեր մուտքագրելը մինչև 10 հազ.դրամ գումարի դեպքում պարտադիր չէ: Ավելին, քարտը կարելի է մոտեցնել անկոնտակտ հաշվիչ-ընթերցողին, դուրս չբերելով անգամ թղթապանակից: Visa payWave քարտը հագեցված է ներդրված չիպով և ալեհավաքով, ինչը թույլ է տալիս ռադիոալիքներով անկոնտակտ թերմինալին փոխանցել վճարի վերաբերյալ ինֆորմացիան: Վճարներ կատարելիս քարտապանն ինքնուրույն քարտը մոտեցնում է անկոնտակտ թերմինալին, այն չփոխանցելով առևտրի կետի աշխատակցին: Visa payWave տեխնոլոգիան բազմաթիվ առավելություններ է ստեղծում նաև առևտրի-սպասարկման ձեռնարկությունների համար, մասնավորապես, պարզեցնում է վճարների գործընթացը, թույլ է տալիս ավելի արագ սպասարկել հաճախորդին, նվազեցնում հերթերը, ինչպես նաև կրճատում ձեռնարկության կանխիկ միջոցներով գործառնությունների հետ կապված ծախսերը:
Ըստ Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խմբի տվյալների, ներկայումս բանկը թողարկել է մոտ 101.7 հազար միջազգային Visa քարտ, իսկ 2013 թվականի վերջին Visa ակտիվ քարտերի թիվը կազմել է 22 հազար: 2013 թվականին բանկը թողարկել է 12 հազար Visa քարտ: Քարտերի վրա գտնվող միջոցների շրջանառության աճը 2012 թվականի համեմատ կազմել է 25 %, իսկ առևտրի կետերում` 23 %: 2014 թվականի հունվարի 1 – ի դրությամբ բանկն ունեցել է 78 բանկոմատ, կանխիկացման 39 կետ, 249 POS տերմինալ և 26 վիրտուալ թերմինալների:
Նշենք, որ «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ միակ բաժնետերն է ռուսաստանյան Գազպրոմբանկը: