ԱրմԻնֆո. Մաքսային միության և նոր ձևավորվող Եվրասիական տնտեսական համագործակցության համար նախատեսվող միասնական «Ալտին» արժույթը կարող է գործածության մեջ դրվել 2020 թվականից ոչ շուտ: Այս կարծիքին են հայկական AmRating վարկանիշային գործակալության վերլուծաբանները:
Սկզբունքայնորեն, գտնում են նրանք, միասնական արժույթի ներդրումը հնարավոր կդառնա միայն Մաքսային միության շրջանակներում հաջող ինտեգրման, ինչպես նաև ընդհանուր մաքսային ռեժիմից այսպես կոչված բացառություններիլիակատար վերացման պայմաններում: Սակայն, ըստ վերլուծաբանների, ՄՄ երկրները, հատկապես նրանք, որոնք պատրաստվում են անդամագրվել միությանը, լրջորեն անհանգստացած են հովանավորչական մեթոդների կիրառման պրոբլեմով` խոշոր երկրներից իրենց ներքին շուկաները պաշտպանելու համար, կապված մաքսային ընդհանուր ռեժիմի բացառությունների, ինչպես նաև բազմաթիվ տեխնիկական կարգավորումների հետ, որոնք չեն նպաստում ընդհանուր շուկայի ուժեղացմանը: Ավելին, դրամական ընդհանուր շուկայի ստեղծմանը պետք է նախորդի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ունիֆիկացումը, ինչպես նաև այդ երկրների դուրս բերումը միանման մակրոտնտեսական միջավայր: Փորձագետները չեն բացառում, որ ինչպես ՄՄ, այնպես էլ «Ալտին-գոտին» կարող է սկզբում ձևավորվել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև, որից հետո միայն, բազմաթիվ կոշտ մակրոտնտեսական պայմանների պահպանումից հետո, դրան կարող են միանալ մյուս երկրները և ԵվրԱզԷս-ի դիտորդները: Նշենք, որ ըստ ռուսաստանյան մամուլի, Մաքսային միության անդամ երկրները` Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը կարող են առաջիկայում անցնել որ արժույթի, որի նախնական անվանումն է`«Ալտին»: Այդ անվանումն առաջարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է եղել առաջարկին: Նախաձեռնության նկատմամբ իր անհանգստությունն է արտահայտել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դրա համար էլ երկրների ղեկավարները որոշել են ձեռնպահ մնալ շուտափույտ որոշումներից: Նոր արժույթի ներդրումը և շրջանառության պայմանները կանոնակարգող բոլոր փաստաթղթերը կարող են ստորագրվել հաջորդ տարի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ռուսաստանյան փորձագետները գտնում են, որ նոր արժույթի ստեղծումը կարող է էապես նպաստել երկրների միջև հաշվարկների պարզեցմանը, խուսափելով բանկային միջնորդավճարներից: Բացի այդ, Եվրասիական միության շրջանակներում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Կենտրոնական բանկերի իրավասությունները կկրճատվեն: Առաջիկայում միությանը կարող են անդամագրվել նաև Հայաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, որոնք նույնպես ստիպված կլինեն անցնել նոր արժույթին` Ալտինին: