ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2014-ի առաջին եռամսյակում կրճատվել է 28.5%, մինչև 9.1 մլրդ.դրամ կամ $ 22 մլն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Էքսպրես Ռենկինգի, Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 6.7%:
Գործակալության վերլուծաբանները նշում են, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում զուտ եկամտի ցուցանիշը նվազել էր 37,3 %, տարեկան անկումը 0,4%, որն այդ ժամանակ պայմանավորված էր պրոբլեմային վարկերի դուրսգրումով, որոնք տեղի էին ունեցել վարկավորման տեմպերի դանդաղման արդյունքում: Դատելով զուտ շահույթի անցյալ տարվա նման անկումից, վերլուծաբանները չեն բացառում, որ ներկայիս ցուցանիշը դարձավ անհույս վարկերի դուրսգրման հերթական արդյունքը, որոնք կուտակվել էին վարկային պորտֆելի որակի աստիճանաբար վատթարացման հետևանքով: Ցավոք, բանկերի կողմից դեռ չեն հրապարակվել վարկային պորտֆելն ըստ ռիսկերի և ոլորտների դասակարգման տվյալները, այդ պատճառով էլ շահույթի անկման հստակ պատկերը դեռ անտեսանելի է: Աղբյուրի համաձայն, վարկային ներդրումները և այլ փոխառություններն այս տարվա առաջին եռամսյակում աճել են ընդամենը 2.1%, մինչև 1.8 տրլն.դրամ ($ 4.4 մլրդ), տարեկան աճը` 11.4 %: Մնացորդները բանկերի նոստրո-հաշիվների վրա և միջբանկային ներդրումներն առաջին եռամսյակում կրճատվել են 20.1 %, մինչև 227,6 մլրդ դրամ ($ 550.7 մլն), տարեկան աճը` 23.7 %: Ներդրումներն արժեթղթերում առաջին եռամսյակում ավելացել են 9,1 %, մինչև 225,5 մլրդ դրամ ($ 545.6 մլն ), տարեկան աճը` 20%: Արդյունքում, Հայաստանի բանկային համակարգի ակտիվներն առաջին եռամսյակում կրճատվել են 0,2%, մինչև 2,9 մլրդ դրամ ($ 7.1 մլրդ), տարեկան աճը` 14,4 %: Ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումների և այլ փոխառությունների մասնաբաժինն առաջին եռամսյակում կազմել է 61.4 %, բանկերում նոստրո-հաշիվների և միջբանկային ներդրումների մասնաբաժինը` 7,8 %, արժեթղթերի մասնաբաժինը` 7.7 %, նախորդ տարվա համապատասխանաբար` 63.1 %, 7.2 % և 7.3% համեմատ: Ըստ Էքսպրես-Ռենկինգի, Հայաստանի բանկային համակարգի պարտավորությունները 2014-ի առաջին եռամսյակում կրճատվել են 0.8 %, մինչև 2.5 մլրդ դրամ ($ 5.9 մլրդ), տարեկան աճը`14.2 %: Դրանց կառուցվածքում բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորությունները կազմել են 29,8 % կամ 731,1 մլրդ դրամ, եռամսյակային անկումը` 70%, իսկ տարեկան աճը` 1.1%: Իսկ հաճախորդների հանդեպ պարտավորությունները կազմել են 67,8 % կամ 1.6 մլրդ դրամ, եռամսյակային աճը` 2.6%, իսկ տարեկան աճը` 20,8 %: Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն 2014-ի առաջին եռամսյակում աճել է 2.5 %, մինչև 481,6 մլրդ դրամ ($ 1.2 մլրդ), տարեկան աճը` 15,3 %: Դրա կառուցվածքում կուտակված շահույթը հաշվետու եռամսյակում աճել է 5 %, մինչև 170,2 մլրդ դրամ (կապիտալի 35.3 %), տարեկան աճը` 26.4%, իսկ կանոնադրական կապիտալը եռամսյակում աճել է 2,7 %, մինչև 262,5 մլրդ դրամ (կապիտալի 54.5 % - ը), տարեկան աճը` 7.5%: Ընդ որում, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կապիտալացվել է միայն մեկ բանկ` ՎՏԲ-Հայաստան Բանկը, համալրելով իր կապիտալը 50.3 %-ով, մարտին իրականացված` արժեթղթերի 7 մլրդ.դրամ ծավալով լրացուցիչ թողարկման միջոցով, որն ամբողջովին գնվեց բանկի միակ սեփականատիրոջ` ռուսաստանյան «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ կողմից: 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, զուտ շահույթի ցուցանիշով առաջատարների եռյակում են HSBC Բանկ Հայաստանը, Արդշինինվեստբանկը և Ամերիաբանկը, ընդհանուր կապիտալի ցուցանիշով` ԱԿԲԱ - ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և Արդշինինվեստբանկը, ակտիվների ցուցանիշով` Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և Արդշինինվեստբանկը, վարկային ներդրումների և այլ փոխառությունների ցուցանիշով` ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Ամերիաբանկը, արժեթղթերում կատարած ներդրումների ցուցանիշով` HSBC Բանկ Հայաստանը, Արմսվիսբանկը և Հայբիզնեսբանկը, իսկ հաճախորդների հանդեպ պարտավորությունների ցուցանիշով` Ամերիաբանկը, Արդշինինվեստբանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկը: