ԱրմԻնֆո. Մայիսյան տոների ընթացքում Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Տուրիզմի ֆակուլտերի 3-րդ կուրսի ուսանողները չորսօրյա ճանապարհորդություն ունեցան Հայաստանի հայտնի տեսարժան վայրերով:
Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից: «Սա մեր համալսարանի ուսանողների առաջին արտագնա պրակտիկան էր, - նշեց խմբի ղեկավար, ՌՀՀ Կարիերայի կենտրոնի տնօրեն, ավագ դասախոս` Գագիկ Սուխուդյանը: «Մեզ հաջողվեց այցելել շատ պատմական վայրեր, որոնք հանդիսանում են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մշակութային ժառանգությունը: Դրանք են` XIII դ. կառուցված «Նորավանք» վանքային համալիրը` իր յուրահատուկ հարթաքանդակներով և աշխարհում միակ «Հայր Աստծո» տեսապատկերով, Քարահունջը, որն իրենից ներկայացնում է հնագույն գերեզմանատուն, իսկ գիտնականների կարծիքով` նաև աշխարհի ամենահին աստղադիտարանը, Սելիմյան քարավանատունը` Արևելքի ու Արևմուտքի միջև ընկած ճամփորդների ու առևտրականների հանգրվանը, Մետաքսե մեծ ճանապարհի մի մասը: Մենք եղանք նաև Նորատուս գյուղում գտնվող խաչքարերի ամենահին բացօթյա թանգարանում, ուր կարելի է հանդիպել դեռ V դարում կերտած հնագույն խաչքարը: Ուսանողների վրա մեծ տպավորություն է թողել նաև հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի տուն-թանգարանն ու գերեզմանը, բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող հոյակերտ որմնանկարները, նրա անձնական իրերը, նրա խոսքն ու, ամենակարևորը, ձայնը, որն ուսանողները լսում էին առաջին անգամ: Նյութական տեսակետից սա բավականին լուրջ նախագիծ էր, քանի որ ճանապարհորդության էր մեկնել մի ամբողջ կուրս: Շնորհակալություն ենք հայտնում Առէկսիմբանկին այս հիշարժան ճանապարհորդությանը աջակցելու համար»,- ընդգծեց Գ.Սուխուդյանը: Ինչպես նշեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան` Առէկսիմբանկն ու ՌՀՀ-ն հին գործընկերներ են և նման ձևաչափում համագործակցում են առաջին անգամ: «Բանկի կողմից իրականացվող տարբեր սոցիալական ծրագրերի միջոցով մեծ ուշադրություն է դարձվում նաև երիտասարդ ուսանողների մասնագիտական զարգացմանն ու աջակցմանը: Մասնակցելով այս հետաքրքիր ճանապարհորդությանը որպես Բանկի ներկայացուցիչ` ցանկանում եմ նշել, որ մեր այցելած վայրերը ես տեսա առաջին անգամ և նորովի բացահայտեցի մեր հրաշագեղ երկիրը: Մենք շատ գոհ ենք կազմակերպված միջոցառումից և հուսով ենք, որ նմանատիպ նախագծերը ՌՀՀ հետ կունենան շարունակական բնույթ»: