Երկուշաբթի, 26 Մայիսի 2014 10:41
Արմսվիսբանկը՝ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից թողարկված պարտատոմսերի 10րդ թողարկման շուկա ստեղծող
ԱրմԻնֆո. 2014թ. մայիսի 19-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ին, որը բորսայի անդամ է 2007թ.-ի սեպտեմբերի 14-ից, շնորհել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տասներորդ թողարկման (NMCCB2A) շուկա ստեղծողի կարգավիճակ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, Արմսվիսբանկը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի անդամ է 2007 թվականի սեպտեմբերի 14-ից: Որպես Շուկա ստեղծող Արմսվիսբանկը կապահովի Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը: Հարկ է նշել, որ Արմսվիսբանկը շուկա ստեղծողի գործառույթներ է իրականացնում նաև «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի (AHEK) համար, որնք ցուցակված են Բոսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում:
Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 15-ին Ազգային Հիփոթեքային Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի 10% եկամտաբերությամբ պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ընգրկելով հիմնական Abond ցուցակում, ինչպես նաև թույլատրվեցին հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:
Նշենք, որ Ազգային Հիփոթեքային Ընկերությունը Հայաստանի կապիտալի շուկա է դուրս եկել 2011-ի նոյեմբերից, 1 մլրդ.դրամ ծավալով էմիսիայով և 9.6% եկամտաբերությունով: Ներկայումս բորսայում շրջանառվում են ընկերության միանգամից երեք տրանշերի կորպորատիվ պարտատոմսերը: Հարկ է նշել, որ Հայաստանում այլնտրանքային ֆինանսական գործիքների գծով տոկոսադրույքերը դեռևս գրավում են կորպորատիվ պարտքի թողարկողներին: 2014-ի մայիսի 1-ի դրությամբ դրամային կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքերը կազմել են 9.1%, պետական կարճաժամկետ պարտատոմսերինը` 7.9%, իսկ պետական երկարաժամկետ պարտատոմսերինը` 9.7%:
Նշենք նաև, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն` 2004թ. հոկտեմբերի 7-ին և ՀՀ ԿԲ-ից ստացել է բանկային գործունեության թիվ 84 արտոնագիրը` 2005թ. փետրվարի 25-ին: Բանկի բաժնետերերն են շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիր, 100% սեփականատեր և Գործադիր տնօրեն Վարդան Սիրմաքեսը և «ԲԵԼԵԳԻՆԳՍՄԱՉԵՓԻՋ ՋՈՆԳՈ» ՍՊԸ՝ համապատասխանաբար 80% և 20% մասաբաժիններով:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով` կորպորատիվ, ներդրումային և անհատական բանկային ծառայությունների ոլորտում:
Ազգային Հիփոթեքային Ընկերությունն ստեղծվել է 2009 թվականի հունիսի 16-ին: Ընկերության կողմից իրականացված վերաֆինանսովորման ընդհանուր ծավալը 2014-ի ապրիլի 23-ի դրությամբ կազմել է 36 մլրդ.դրամ (4482 վարկ): 2014-ի ապրիլի 1-ի դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 31.6 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը` 10.8 մլրդ. դրամ, չբաշխված շահույթը` 1.6 մլրդ.դրամ: