Երեթշաբթի, 27 Մայիսի 2014 13:02
Արմսվիսբանկ. ԱՀԸ միջնաժամկետ պարտատոմսերը շահավետ և արդյունավետ ներդրումներ են
ԱրմԻնֆո. Ազգային Հիփոթեքային Ընկերության միջնաժամկետ պարտատոմսերը (10-րդ տրանշ) դրամական միջոցների շահավետ և արդյունավետ ներդրումներ են: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ԱՀԸ կորպորատիվ պարտատոմսերի մարկետ-մեյքերը հանդիսացող` Արմսվիսբանկի փոխտնօրեն և ներդրումային դեպարտամենտի ղեկավար Կարեն Տուրյանը: Նա հիշեցրել է, որ ԱՀԿ կորպորատիվ միջնաժամկետ պարտատոմսերի պահանջարկը 2.5 անգամ գերազանցել է առաջարկը և կազմել` մոտ 2.5 մլրդ.դրամ. «և դա այն դեպքում, երբ տեղաբաշխումը երաշխավորված էր»:
Նշենք, որ երաշխավորված տեղաբաշխման շրջանակներում անդերրայթերը կամ ամբողջովին է գնում թողարկումը ու հետագայում, արդեն իր անունից, կազմակերպում դրա վաճառքը, կամ էլ պարտավորվում է գնել թողարկման այն մասը, որը մինչև սահմանված ժամկետը չի տեղաբաշխվել պոտենցիալ ներդրողների շրջանում: Տուրյանը նշել է, որ բանկը որպես մարկետ-մեյքեր ձեռք է բերել ընդամենը 50 մլն.դրամ:
Անդրադառնալով միջին շուկայական միտումներին, բանկի ներդրումային դեպարտամենտի ղեկավարը նշել է, որ արժեթղթերի շուկայում դիտվում է պետպարտատոմսերի տոկոսադրույքների նվազում, ինչը բարձրացնում է կորպորատիվ պարտատոմսերի գրավչությունը: Ըստ Տուրյանի գնահատակաների, 2014 թվականի ավարտին, երբ վերջնականապես կլուծվի Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը, պարտատոմսերի պոտենցիալ թողարկողների շրջանում ակտիվությունը կաճի:
Հիշեցնենք, որ ԱՀԸ միջնաժամկետ կորպորատիվ պարտատոմսերի 10-րդ տրանշի տեղաբաշխումը կայացել է այս տարվա ապրիլի 23-ին, ֆոնդային բորսայում, փակ բաժանորդագրության միջոցով: Դա ընկերության պարտատոմսերի առաջին միջնաժամկետ (3 տարի մարման ժամկետով) թողարկումն էր, որի ծավալը կազմեց 1 մլրդ.դրամ, իսկ եկամտաբերությունը` տարեկան 10%, ընդ որում, արժեկտրոնային եկամտի կիսամյակային վճարումներով: Ավելի վաղ ԱՀԸ տեղաբաշխել էր միայն մինչև 1 տարի շրջանառությամբ կարճաժամկետ պարտատոմսեր:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 19-ին NASDAQOMX Armenia ֆոնդային բորսան Արմսվիսբանկին շնորհեց ԱՀԸ միջնաժամկետ կորպորատիվ պարտատոմսերի (10-րդ տրանշի) մարկետ-մեյքերի կարգավիճակ: Բանկը NASDAQOMX Armenia ֆոնդային բորսային անդամ է հանդիսանում 2007 թվականի սեպտեմբերի 14-ից: Կորպորատիվ պարտատոմսերի մարկետ-մեյքերի կարգավիճակում բանկը կաջակցի երկկողմ շրջանառությանը, ապահովելով պարտատոմսերի իրացվելիությունը երկրորդային շուկայում: Արմսվիսբանկը հանդիսանում է նաև «Արցախ ՀԷԿ» ընկերության մարկետմեյքերը: Բանկը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն` 2004թ. հոկտեմբերի 7-ին և ՀՀ ԿԲ-ից ստացել է բանկային գործունեության թիվ 84 արտոնագիրը` 2005թ. փետրվարի 25-ին: Բանկի բաժնետերերն են շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիր, 100% սեփականատեր և Գործադիր տնօրեն Վարդան Սիրմաքեսը և «ԲԵԼԵԳԻՆԳՍՄԱՉԵՓԻՋ ՋՈՆԳՈ» ՍՊԸ՝ համապատասխանաբար 80% և 20% մասաբաժիններով:
Նշենք, որ Ազգային Հիփոթեքային Ընկերությունը Հայաստանի կապիտալի շուկա է դուրս եկել 2011-ի նոյեմբերից, 1 մլրդ.դրամ ծավալով էմիսիայով և 9.6% եկամտաբերությունով: Ներկայումս բորսայում շրջանառվում են ընկերության միանգամից երեք տրանշերի կորպորատիվ պարտատոմսերը: Հարկ է նշել, որ Հայաստանում այլնտրանքային ֆինանսական գործիքների գծով տոկոսադրույքերը դեռևս գրավում են կորպորատիվ պարտքի թողարկողներին: 2014-ի մայիսի 1-ի դրությամբ դրամային կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքերը կազմել են 9.1%, պետական կարճաժամկետ պարտատոմսերինը` 7.9%, իսկ պետական երկարաժամկետ պարտատոմսերինը` 9.7%:
Ազգային Հիփոթեքային Ընկերությունն ստեղծվել է 2009 թվականի հունիսի 16-ին: Ընկերության կողմից իրականացված վերաֆինանսովորման ընդհանուր ծավալը 2014-ի ապրիլի 23-ի դրությամբ կազմել է 36 մլրդ.դրամ (4482 վարկ): 2014-ի ապրիլի 1-ի դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 31.6 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը` 10.8 մլրդ. դրամ, չբաշխված շահույթը` 1.6 մլրդ.դրամ: