Հինգշաբթի, 29 Մայիսի 2014 13:30
Արմսվիսբանկը ներդրել է նոր Microsoft Dynamics CRM համակարգ
ԱրմԻնֆո. ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը, հավատարիմ մնալով հաճախորդների հետ աշխատելու իր գործելաոճին, երաշխավորելով և ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի «Բևեռ» ընկերության հետ համատեղ ներդրել է Microsoft Dynamics CRM ծրագրային համակարգը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Բևեռ» ընկերության խորհրդատուների և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի աշխատակիցների համատեղ գործունեության և ջանքերի արդյունքնում ձեւավորվեց եզակի CRM համալիր մոդելը, որն ընդգրկում է Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և հաճախորդների վերաբերյալ բաժիններ, ինչպես նաև գործընթացային եւ վերլուծական հատվածներ: CRM համակարգի ներդրման արդյունքում Բանկի աշխատակիցներին հնարավորություն է ընձեռվում կիրառել մի շարք գործիքներ՝ հաճախորդների տվյալների բազան ճկուն կերպով կառավարելու և հաստատության աճին զուգընթաց առաջացող խնդիրների կարգավորման նպատակով:
Նշենք, որ «Բևեռ»-ը Հայաստանում և ԱՊՀ երկրներում առաջատար բազմապրոֆիլ ընկերություն է, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տրամադրում է ծառայությունների և լուծումների ամբողջական շարք: ԸՆկերությունն ստեղծվել է 1998 թվականին Երևանի Ս.Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտա-հետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից: Սկզբում ընկերությունը մասնագիտանում էր որպես ՏՏ ոլորտի համակարգային ինտեգրատոր և ծառայությունների ու լուիծումների մատակարար:
Նշենք նաև, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն` 2004թ. հոկտեմբերի 7-ին և ՀՀ ԿԲ-ից ստացել է բանկային գործունեության թիվ 84 արտոնագիրը` 2005թ. փետրվարի 25-ին: Բանկի բաժնետերերն են շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիր, 100% սեփականատեր և Գործադիր տնօրեն Վարդան Սիրմաքեսը և «ԲԵԼԵԳԻՆԳՍՄԱՉԵՓԻՋ ՋՈՆԳՈ» ՍՊԸ՝ համապատասխանաբար 80% և 20% մասաբաժիններով: