Երկուշաբթի, 2 Հունիսի 2014 08:46
2014 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է խթանել սպառողական վարկավորումը:
ԱրմԻնֆո. 2014 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ակտիվացնել սպառողական վարկավորումը` մանրածախ պորտֆելում այն հասցնելով մինչև 17,6 մլրդ դրամի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Հայաստանյան բանկերը սկսել են դիտարկել սպառողական վարկավորման դիվերսիկացումը որպես ռիսկերի նվազեցման և եկամուտների ստացման միջոց, ինչն իր հերթին հանգեցրեց շուկայում մրցակցության թեժացմանն ու, հետևաբար, շուկայում նոր բանկային պրոդուկտների և առաջարկների պահանջարկի ձևավորմանը», - նշեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Վարկավորման և ներդրումների վարչության պետ Գևորգ Պետրոսյանը:
«Ներկայիս սպառողական վարկավորման շուկայում բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտները իրարից շատ չեն տարբերվում: Հիմնականում բանկերը մրցում են վարկերի տրամադրման ժամկետներով, վարկավորման գործընթացի ավտոմատացմամբ, ինչպես նաև հաճախորդից պահանջվող փաստաթղթերի կրճատմամբ: Մեր բանկը մշտապես բարելավում է վարկավորման պայմանները` ձգտելով առավելագույնս հեշտացնել վարկերի ձևակերպման և տրամադրման գործընթացը», - եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:
Դրա հետ մեկտեղ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ը մտադիր է մինչև տարեվերջ ապահովել վարկային պորտֆելի մինչև 98 մլրդ.դրամի աճ: Իրավաբանական անձանց վարկավորման ծավալը նախատեսվում է հասցնել 80.5 մլրդ.դրամի, ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը` 17.5 մլրդ.դրամի: Պորտֆելի աճը նախատեսվում է ինչպես միջազգային ծրագրերի շրջանակներում, այնպե էլ տեղական շուկայից ներգրավված ռեսուրսների հաշվին: 2013 թվականի արդյունքներով բանկի կողմից տրամադրված վարկերը և այլ փոխառությունները կազմել են մոտ 92 մլրդ.դրամ: