Ուրբաթ, 13 Հունիսի 2014 20:23
Հայաստանի ապահովագրողներն առաջին եռամսյակը եզրափակել են 1.2 մլրդ.դրամ շահույթով, վերացնելով նախկինում գոյացած վնասները
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրողները 2014 թվականի առաջին եռամսյակը եզրափակել են 1.2 մլրդ.դրամ զուտ շահույթով, վերացնելով 2013-ի 4-րդ եռամսյակում գոյացած 597,1 մլն դրամի վնասը: Տարեկան կտրվածքով 7 ապահովագրական ընկերությունների համախառն զուտ շահույթն ավելացել է 3,5 անգամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, զուտ շահույթով առաջին տեղում է Գարանտ Ինշուրանս ընկերությունը` 324,5 մլն դրամ, 2013-ի չորրորդ եռամսյակի 195.2 մլն դրամի վնասի համեմատ: Տարեկան կտրվածքով ընկերության շահույթն ավելացել է ավելի քան 6 անգամ: Հարկ է նշել, որ Գարանտ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը դեռեւս գտնվում է Ռոսգոսստրախ Արմենիայի հետ միաձուլման գործընթացում, ինչով էլ պայմանավորված է հավաքագրված ապահովագրական պրեմիաների ծավալի եռամսյակային 95.1% և հատուցումների` 61.4% անկումը (տարեկան կտրվածքով, համապատասխանաբար` 99, 7% և 74.3%):
Երկրորդ տեղում է Ռոսգոսստրախ Արմենիան` 286,3 մլն դրամ, չորրորդ եռամսյակի 35.4 մլն.դրամի և նախորդ տարվա 1,2 մլն դրամի վնասների փոխարեն: Առաջատարների եռյակը եզրափակում է ՌԵՍՈ ընկերությունը` 241.5 մլն դրամ, 2013-ի 4-րդ եռամսյակի 124.4 մլն դրամի վնասի փոխարեն: Տարեկան կտրվածքով այս ընկերության շահույթն աճել է գրեթե 13 անգամ:
Այնուհետև հաջորդում են` Նաիրի Ինշուրանսը` 189,9 մլն դրամ, եռամսյակի աճը` 87.8%, իսկ տարեկան կտրվածքով`45.1%, Արմենիա Ինշուրանսը` 113.9 մլն դրամ, եռամսյակի անկումը` 6.2%, իսկ տարեկան աճը`61.6%: Վեցերորդ տեղում է ԻՆԳՈ Արմենիան` 107.4 մլն դրամ, 2013-ի 4-րդ եռամսյակի 367 մլն դրամ վնասի փոխարեն, տարեկան աճը նվազել է 11.9%: Սիլ Ինշուրանսի վնասը հաշվետու եռամսյակում կազմել է 38.5 մլն դրամ (եռամսյակի անկումը` 60.5%, իսկ տարեկան անկումը` 27.3%):
Հարկ է նշել, որ 2014 թվականի առաջին եռամսյակում 7 ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների միագումար ծավալն աճել է 41.5%, մինչև 10.1 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածքում ապահովագրական հատուցումները նվազել են 3.5%, ապրիլի 1-ին կազմելով 4.9 մլրդ դրամ, իսկ տարեկան կտրվածքով պրեմիաների ծավալը նվազել է 10.1%, իսկ հատուցումներն աճել են 5.2%:
2014 թվականի ապրիլի 1 – ի դրությամբ Հայաստանում գործում էր 7 ապահովագրական ընկերություն, որոնք ապահովագրական գործունեություն են իրականացնում այսօր գործող ապահովագրական 18 դասերից 16-ով: (ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.03.2014թ. դրությամբ կազմել է 413.31 դրամ/դոլար):