Չորեքշաբթի, 18 Հունիսի 2014 20:36
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը ACBA-Credit Agricole Բանկին առաջին անգամ տրամադրել է ազգային արժույթով 12 մլն.դոլարի վարկ
ԱրմԻնֆո. Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը ACBA-Credit Agricole Բանկին առաջին անգամ տրամադրել է ազգային արժույթով 12 մլն.դոլարի վարկ: Համապատասխան պայմանագիրն ստորագրել են ACBA-Credit Agricole Բանկի գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և EFSE տնօրենների խորհրդի նախագահ Մոնիկա Բեքը, Երևանում ընթացող EFSE տարեկան համաժողովի շրջանակներում:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Հ.Անդրեասյանը, նոր վարկը բանկին հնարավորություն կտա ընդլայնել միկրո- և փոքր ձեռնարկությունների, այդ թվում նաև գյուղատնտեսական արտադրողների ու ֆերմերների ֆիանսավորման հնարավորությունները: «EFSE հետ մենք համագործակցությունն սկսել ենք 2013 թվականից, ներգրավելով արդեն երրորդ վարկը, ինչը վկայում է այն մասին, որ Հիմնադրամն արդեն հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը»,-նշել է Անդրեասյանը: Նա նշել է, որ ադ ֆինանսավորումը կօգտագործվի 14% տարեկան տոկոսադրույքով ենթավարկեր տրամադրելու նպատակով:
«Ամրապնդելով իր ներկայությունը գյուղական շրջաններում, ACBA-Credit Agricole Բանկը հանդիսանում է հանրապետության տարածքում Հիմնադրամի առաքելությունն իրականացնելու լավագույն գործընկերը»,-նշել է Մ.Բեքը:
2013 թվականին EFSE ACBA-Credit Agricole Բանկին տրամադրել է 2 վարկ, 31 մլն.դոլար ընդհանուր գումարով:
2014 թվականի ապրիլի 1 – ի դրությամբ ACBA-Credit Agricole Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 53 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը` 4.5%: Ըստ ցուցանիշով բանկը գտնվում է առաջատար դիրքերում: Իր ակտիվներով բանկի գտնվում է առաջատարների հնգյակում, ապահովելով տարեկան 4.6% աճ, մինչև 264,6 մլրդ դրամ: Բանկի ավանդները կազմել են 109.6 մլրդ դրամ, ապահովելով ինչպես ժամկետային ավանդների, յնպես էլ ցպահանջ ավանդների աճ, ընդ որում, վերջինները գերազանցում են աճի տեմպերով, իսկ վերջինները` ծավալներով: Բանկի հաճախորդների բազան հիմնադրման պահից աճել է 25 անգամ և արդեն հասնում է 276 հազար հաճախորդի, իսկ բանկի աշխատակիցների թիվն աճել է 12 անգամ, մինչև 1050: Բանկի զուտ շահույթը 2013 թվականին կազմել է 5.1 մլրդ դրամ, տարեկան աճը`24,4% (5-րդ տեղ):
Հիշեցնենք, որ ACBA-Credit Agricole Բանկը գործում է Հայաստանում 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մեծամասնական բաժնետերը դարձավ Credit Agricole S.A. եվրոպական խոշորագույն բանկային խումբը, որի մասնաբաժինը բանկի կապիտալում կազմեց 15,56%: Բանկի բաժնետերերն են նաև SJSC «SACAM International»-ը (Credit Agricole S.A. անդամ) - 12,44%, ինչպես նաև 10 տարածքային գյուղփոխօգնության միություններ: Իր հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով ACBA-Credit Agricole Բանկը գտնվում է Հայստանի բանկային համակարգի առաջատարների եռյակում:
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) ստեղծումը նախաձեռնել է Գերմանական Զարգացման Բանկը (KfW), Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի, Կոսովոյի, Վրաստանի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Թուրքիայի տնտեսական զարգացման աջակցմանը և բարգավաճմանը: Քանի որ միկրո-և փոքր բիզնեսում հաջողության և զարգացման մեջ առանցքային դերակատարում ունի ֆինանսների նկատմամբ մատչելիության գործոնը, ապա EFSE կենտրոնանում է տեղական ֆինանսական հաստատություններին աջակցելու վրա`նրանց համարժեք և կայուն ֆինանսավորման ունակություններն ամրապնդելու համար: Ներդրումային գործունեության աջակցությունն իրականացվում է EFSE զարգացման Հիմնադրամի միջոցով, որը գործընկեր վարկային հաստատություններին աջակցում է տեխնիկական օգնությամբ, խորհրդատվություններով և թրեյնինգներով: