Ուրբաթ, 27 Հունիսի 2014 18:51
Արարատբանկի զուտ շահույթը 2014 թվականի առաջին 5 ամիսներին հասել է իր եռամյա մաքսիմումին
ԱրմԻնֆո. Արարատբանկը 2014 թվականի առաջին 5 ամիսների արդյունքում արձանագրել է 1.8 մլրդ.դրամի զուտ շահույթ: Ինչպես բանկի բաժնետերերի տարեկան ժողովի շրջանակներում նշել է Բանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, զուտ շահույթը գերազանցել է նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածների ցուցանիշները:
«Բանկն ամբողջությամբ տրամադրված է դրականորեն: Մենք մտադիր ենք մեծացնել ագրովարկերի պորտֆելը, ինչպես նաև 5-ով ավելացնել մասնաճյուղերի թիվը: Բանկը շեշտադրում է նաև փոքր վարկերի տրամադրման վրա, քանի որ անցյալ տարի մենք կատարեցինք վարկային ներդրումների դիվերսիֆիկացում, թեքվելով դեպի ՓՄՁ, անհատ ձեռներեցության և մանրածախ վարկավորման կողմը» - ասել է Օսիպյանը: Շարունակելով խոսել բանկի 2013 թվականի ձեռքբերումներից, Վարչության նախագահը հիշեցրել է 3 տարի մարման ժամկետով դրամային և դոլարային կորպորատիվ պարտատոմսերի թողարկման, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից 34.4 մլն.դոլար ծավալով միջոցների երգրավման մասին: «Ներկայումս պայմանավորվածություն կա 2014 թվականին 27 մլն.դոլար ներգրավելու մասին: Առաջիկայում մենք մտադիր ենք Զարգացման միջազգային ֆոնդի (OFID) հետ ստորագրել 10 մլն.դոլարի համաձայնագիր, ինչպես նաև 15 մլն.դոլար ներգրավել Հոլանդական զարգացման բանկից»,-նշել է Օսիպյանը: «2013 թվականն ընդհանուր առմամբ հաջողված էր Արարատբանկի համար: Բանկի գործադիր մարմինը կատարեց իր առջև դրված բոլոր խնդիրները: Բանկն ամրապնդեց իր դիրքերը շուկայի բոլոր հատվածներում, ընդգրկելով 4-ից մինչև 14%-ը»,-ընդգծել է բանկի ղեկավարը:
Նշենք, որ Արարատբանկի ակտիվների 2013 թվականի վերջին կազմել են 125,2 մլրդ դրամ, 2012-ի համեմատ աճելով 10.1%: Ընդհանուր կապիտալն աճել է 19.3%, մինչև 19.6 մլրդ դրամ: Վարկային ներդրումներն աճել են 11,1%, մինչև 59.6 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 8.6% և կազմել
105.6 մլրդ դրամ: Բանկի զուտ շահույթն անցյալ տարի կազմել է 3,083 մլրդ դրամ:
Արարատբանկի հիմնական բաժնետերերն են`«Ֆլեշ» ընկերությունը (նախագահ`Բարսեղ Բեգլարյան)` 64,24%, ինչպես նաև EBRD-ն`25% +1 բաժնետոմս, Rural Impulse Fund II-ը (բելգիական Incofin Investment Management - Incofin IM խմբի անդամ)` 10%: