Երեթշաբթի, 9 Սեպտեմբերի 2014 16:15
Հայաստանի շուկայում շրջանառվող վճարային քարտերի թիվն անցել է 1.6 միլիոնից
ԱրմԻնֆո. Հայաստանի շուկայում շրջանառվող վճարային քարտերի թիվը 2014 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 2.3%, իսկ տարեկան կտրվածքով` 10.3%, անցնելով 1,6 մլն-ից:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, ArCa տեղական քարտերը տարեկան կտրվածքով աճել են 3.9% (եռամսյակային աճը` 0,3%), միջազգային Visa քարտերն աճել են 18.2% (եռամսյակային աճը` 3,7%), MasterCard քարտերն աճել են 6.3% (եռամսյակային աճը` 3,6%): 2014-ի հուլիսի 1-ի դրությամբ ArCa քարտերը կազմել են 566,792 հատ, Visa-ն` 702150 հատ, իսկ MasterCard քարտերը` 314564 հատ, որոնց մասնաբաժինը շրջանառվող քարտերի ընդհանուր թվում համապատասխանաբար կազմել է` 34.8%, 43.1% և 19.3%:
Ըստ աղբյուրի, 2014 թվականի եռամսյակային կտրվածքով քարտերով կատարվել է 6,1 մլն. գործարք (եռամսյակային աճը` 16% է, տարեկան աճ` 22.9%), իսկ ծավալը կազմել է 298 մլն դրամ (եռամսյակային աճը` 15.9%, տարեկան աճ` 12.3%): Մասնավորապես, տեղական ArCa քարտերով կատարվել է 1,9 մլն գործարք, ծավալը` 82.6 մլն դրամ, Visa քարտերով կատարվել է 2.7 մլն գործարք, ծավալը` 137.2 մլրդ դրամ, իսկ MasterCard-ով` 1,2 մլն. գործարք, ծավալը` 58 մլն, իսկ մնացած 347.7 հազար գործարքները, որոնց ծավալը կազմել է 20.2 մլն դրամ, կատարվել են մյուս քարտերով (հիմնականում HSBC քարտերով և մասամբ` AmEx-ով): Տրանսակցիաների գծով ծավալների տարեկան ամենամեծ աճն ապահովել են MasterCard համակարգի քարտերը` 40% և ArCa քարտերը` 22.1%, իսկ Visa քարտերով գործարքների ծավալն աճել է ընդամենը 0.1%: Միայն 2014-ի երկրորդ եռամսյակում տրանսակցիաների ծավալների ամենաբարձր աճ է արձանագրվել է ArCa քարտերով` 21.3%, որին հաջորդում է MasterCard-ը`19.9% և Visa-ն`13.5%:
2014-ի հուլիս 1-ին Հայաստանում եղել է 6959 POS-տերմինալ, որից 719-ը գտնվել է բանկերի գլխամասային գրասենյակներում և մասնաճյուղերում: Տարեկան կտրվածքով POS-տերմինալների ընդհանուր թիվն ավելացել է 1,4%, կամ 98-ով, բայց միայն հաշվետու եռամսյակում նվազել 30-ով կամ 0.4%: Բանկոմատները կազմել են 1,335 հատ, տարեկան աճը`10.1% կամ 122 միավորով, որից 38-ը տեղադրվել է երկրորդ եռամսյակում: Առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի ընդհանուր թիվը հաշվետու եռամսյակի արդյունքներով կազմել է 6918, 2013-ի նույն ժամանակահատվածի 6717-ի համեմատ: Դրանցից 655 - ը գտնվում է բանկերում և մասնաճյուղերում, 260 – ը`հյուրանոցներում, 3956-ը առևտրի օբյեկտներում:
Հիշեցնենք, որ ArCa համակարգի մեծամասնությունը բաժնետերն է ՀՀ Կենտրոնական բանկը, այնուհետև խոշորագույն բաժնետերերն են ACBA-Credit Agricole Բանկը, Հայէկոնոմբանկը և Արդշինինվեստբանկը, իսկ մնացած 14 առևտրային բանկերին է պատկանում համակարգի բաժնետոմսերի 2%-ը: