Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2014 18:57
«Հայկական այբուբենի տառերը» արծաթե հուշադրամների շարքն արժանացել է մրցանակի «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների ութերորդ միջազգային մրցույթում
ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 18-ին Մոսկվայում «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների ութերորդ միջազգային մրցույթում «Հայկական այբուբենի տառերը» արծաթե հուշադրամների շարքն արժանացել է մրցանակի «Կազմկոմիտեի հատուկ մրցանակ» անվանակարգում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից, մրցույթին ներկայացված էին ավելի քան 260 հուշադրամ և 25 հուշադրամների հավաքածու: Մրցույթի հաղթողներին ընտրել է ժյուրին, որի կազմում ընդգրկված են համաշխարհային թանգարանների, աճուրդների, կենտրոնական բանկերի, հուշադրամներ մատակարարող ընկերությունների, դրամագիտական ասոցիացիաների և մասնագիտացված հրատարակչությունների փորձագետներ:
Մրցույնթ անց է կացվել 9 անվանակարգերում. «Գազափարական յուրահատուկ որոշում», «Գեղարվեստական հաջող լուծում», «Օրիգինալ տեխնոլոգիա», «Հուշադրամ», «Տարվա սերիա», «Տարվա արծաթեդրամ», «Տարվա ոսկեդրամ» և «Տարվա հուշադրամ»: Հաղթողը որոշվում է փորձագետների ժյուրիի հեռական քվեարկության հիման վրա: Բացի այդ, հանձնվել են նաև «Հուշադրամային համաստեղություն» հատուկ մրցանակը, «Համառուսաստանյան դրամային ծրագրերի իրակացման ներդրումների համար» մրցանակը և «Հանդիսատեսների համակրանք» մրցանակը:
Նշենք, որ 2014 թ. մրցույթին մասնակցել են թվով 31 երկիր (կենտրոնական բանկեր, դրամահատարաններ, մատակարար ընկերություններ և այլն), այդ թվում, Լատվիայի, Լիտվայի, Մեքսիկայի, Բուլղարիայի, Կիրգիզիայի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մերձդնեպրյան Հանրապետության, Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերը, Ավստրալիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Կանադայի, Ավստրիայի, Անդորրայի, Պոբջոյի, Լեհաստանի, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Ֆրանսիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Շվեյցարիայի, Պորտուգալիայի և Իսրայելի դրամահատարանները, Կազմակերպություններ, ինչպիսիք են` Coin Invest Trust (Լիխտենշտեյն), Emporium Hamburg (Գերմանիա), NumisCollect (Նիդեռլանդներ), PAMP, International Coin House (Շվեյցարիա), Treasures of Oz (Ավստրալիա) և այլն: «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների միջազգային մրցույթը անց է կացվում 2007 թվականից: