Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2014 10:32
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի գործընկերության շնորհիվ Գավառում բացվեց մանկատան կրթական կենտրոնը
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի գործընկերության շնորհիվ Գավառում բացվեց մանկատան կրթական կենտրոնը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Կենտրոնը ստեղծվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում թողարկված VISA ԲԱՐԵՐԱՐ բարեգործական քարտի շնորհիվ: Այս եռամյա ծրագրի իրականացման համար հատկացվել է 41 մլն. ՀՀ դրամ:
Կենտրոնը Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 60 սաների հնարավորություն կտա ստանալ մասնագիտական կողմնորոշում և արհեստավարժ մասնագետների օգնությամբ լավագույնս պատրաստվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին: Ստեղծվել են նաև մասնագիտական խմբակներ՝ վարսահարդարում, փայտամշակում, կոշկակարություն, կարուձև և դիզայն/սեղանների ձևավորում, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություն են ընձեռելու երեխաներին ստանալ անհրաժեշտ մասնագիտական հմտություններ:
«Վորլդ Վիժնը հատուկ կարևորում է երեխաների ու երիտասարդների հետ աշխատանքը: Ծրագրի շրջանակներում այդ նպատակով կգործարկվեն դպրոցականների կողմից մշակված փոքրամասշտաբ ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդության և համայնքի զարգացմանն ընդհանրապես»,-նշել է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
«Այս տարի ամռանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, Հայաստան Համահայկական հիմնադրամի և Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի միջև կնքված համագործակցության պայմանագիրով մենք սկիզբ դրեցինք մի հրաշալի նախաձեռնության, որը ամիսներ անց իրականություն դարձավ: Բանկի VISA ԲԱՐԵՐԱՐ քարտի բարեգործական ֆոնդի շրջանակներում այսօր Գավառի մանկատանը բացվեց այս կրթական կենտրոնը, որը հնարավորություն է տալու երեխաներին ստանալ որակյալ մասնագիտական կրթություն, պատրաստվել բարձրագույն ուումնական հաստատությունների ընդունելության քննություններին: Այս կենտրոնից օգտվելու հնարավորություն ունեն նաև Գավառի անապահով ընտանիքների երեխաները: Բանկը ապագայում հետևողական է լինելու մանկատան սաներին կրթաթոշակներով և հնարավորության դեպքում նաև աշխատանքով ապահովելու հարցում: Մենք շնորհակալ ենք Վորլդ Վիժն Հայաստանին, Հայաստան Համահայկական հիմնադրամին մեր նախաձեռնությանը միանալու և այն կյանքի կոչելու համար և, իհարկե, մեր բոլոր Visa Բարերար քարտի քարտապաններին, որոցից յուրաքանճյուրը իր լուման ունի այս գործում», - նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Մեր երեխաներն արժանի են ապրել ու սովորել ջերմ և հոգատար պայմաններում: Թող այս ուսումնական կենտրոնը նրանց ընձեռի ոչ միայն գիտելիքներ ու հմտություններ, այլ նաև թույլ տա դառնալ հասարակության լիիրավ անդամ, ի շահ մեր հայրենիքի»,-ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ , «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը «Visa Բարերար» բարեգործական քարտի մասին հայտարարել էին 2012 թվականի վերջին: Քարտի թողարկումը նվիրված է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի 20-ամյա հոբելյանին: Նախագծի նպատակը – Հայաստանի մանկատներում գտնվող երեխաներիին ֆինանսական օգնության միջոցների հավաքումն է: Դառնալով «Visa Բարերար» քարտի քարտապան, ցանկացողները հնարավորություն են ստանում առանց լրացուցիչ ծախսերի իրականացնել կանոնավոր բարեգործական վճարներ` «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի օգտին: Դրա համար անհրաժեշտ է քարտով վճարել ամենօրյա գնումների դիմաց:
Հիմնադրամի հաշվին փոխանցվում է քարտով իրականացված յուրաքանչյուր գործարքի 0,3%-ը և քարտի սպասարկման դիմաց վճարի 50%-ը: Բացի այդ, «Visa Բարերար»-ի քարտապանները կարող են իրականացնել լրացուցիչ վճարներ: Քարտը կարող է թողարկվել ինչպես քարտապանի նախաձեռնությամբ, այնպես էլ աշխատավարձային նախագծերի շրջանակներում: Նախագծին ավելի շատ անձանց ներգրավելու համար «Visa Բարերար» աշխատավարձային քարտերը գործողության ողջ ժամկետի ընթացքում բանկի կողմից սպասարկվում են անվճար:
Հիշեցնենք, որ Բանկը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում:
Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայությունը հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ հաջողությամբ իրակացրեցին բանկի ստեղծման եռափուլ ծրագիրը: Ծրագրի իրականացման առաջին փուլում (1993–1994թթ.) ուսումնասիրվեցին Հայաստանի գյուղատնտեսության ֆինանասավորման հնարավոր տարբերակները, որի արդյունքում առաջարկվեց Եվրոպական կոոպերատիվ բանկի մոդելով գյուղատնտեսական բանկի ստեղծման գաղափարը: 1994թ. սեպտեմբերից մինչև 1995թ. դեկտեմբերն ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցավ ACBA բանկի կառուցվածքային հիմնադրում, որի հիմնական ձեռքբերումը եղավ 60 գյուղացիական փոխօգնության միավորումների ստեղծումը: Գյուղացիական փոխօգնության միավորումներ ստեղծվեցին Հայաստանի չորս մարզերում` Արմավիր (Էջմիածին), Արարատ (Արտաշատ) և Շիրակ (Գյումրի) և Վայոց Ձոր (Եղեգնաձոր): Գործառնական հիմնադրումը (1996թ.) նշանավորվեց Բանկի և նրա երեք մասնաճյուղերի ստեղծմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 1996թ. մարտի 29-ին բանկային գործառնությունների իրականացման արտոնագրի տրամադրմամբ:
ACBA բանկի և աշխարհի խոշորագույն բանկերից մեկի` ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի միջև երկար տարիների փոխշահավետ համագործակցությունը հանգեցրին նրան, որ 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: ACBA բանկը վերակազմավորվեց փակ բաժնետիրական ընկերության և վերանվանվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ: