Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2014 14:20
Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը հատել է երկու տրիլիոնի սահնամագիծը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը հատել է երկու տրիլիոնի սահմանագիծը: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, բանկերի միագումար վարկային ներդրումները տարեկան կտրվածքով աճել են 12%, 2014 թվականի հոկտեմբերի 1-ին գերազանցելով 2 տրլն.դրամը (5 մլրդ.դոլար), իսկ դրանց մասնաբաժինն ակտիվներում 65,7%-ից աճել է մինչև 67,7%: Վարկային ներդրումների աճի, ինչպես նաև պետպարտատոմսերի պորտֆելի ոչ պակաս էական աճի շնորհիվ բանկային համակարգի ակտիվները հասել են 3 տրլն.դրամի (ավելի քան 7 մլրդ.դոլար):
Տնտեսության վարկավորման մասնաբաժինը բանկերի պորտֆելում տարեկան կտրվածքով մնացել է գրեթե անփոփոխ, կազմելով 63,4%, իսկ բացարձակ արտահայտությամբ կազմել է 1,3 տրլն.դրամ (3,1 մլրդ.դոլար), տարեկան աճը` 11,3%: Տարեկան կտրվածքով վարկավորման ծավալների աճ է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում` 19,4%, արդյունաբերական հատվածքում` 15,5%, շինարարական հատվածում` 18,6%, ծառայությունների և հասարակական սննդի ոլորտում` 35,7%, առևտրի ոլորտում` 3,5%, իսկ տրանսպորտի ոլորտում իրականացված ներդրումները մնացել են գրեթե անփոփոխ: Ընդ որում, մեկ տարի առաջ նշված ոլորտների վարկավորման դինամիկան նույնպես դրական էր, միայն այն տարբերությամբ, որ առևտրի, տրանսպորտի և կապի ոլորտները բանկերն ավելի ակտիվորեն էին վարկավորում: ՓՄՁ ոլորտում տեղաբաշխվել է բանկային համակարգի վարկային պորտֆելի մոտ 34%-ը կամ 1,7 մլրդ.դոլար, տարեկան աճը` 38,7%, ինչը զգալիորեն բարձր է նախորդ տարվա տեմպերից:
Միևնույն ժամանակ, բանկերի մանրածախ վարկային պորտֆելն աճել է 17,1%, կազմելով 656,8 մլրդ.դրամ (1,6 մլրդ.դոլար) կամ ընդհանուր վարկային պորտֆելի 32,8%-ը: Մանրածախի հատվածում աճի տեմպերն սկսել է վերականգնել հիփոթեքային պորտֆելը, մինչդեռ ապառիկ գնումների պորտֆելի աճը դանդաղել է, ինչը նկատվում է նաև վարկային քարտերով (պահպանվել է օվերդրաֆտների զգալի աճը): Զգալի աճ է արձանագրվել նաև ավտովարկավորման աճի տեմպերում:
2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ արդյունաբերական հատվածի վարկավորման ծավալներով առաջատարներն է Արդշինինվեստբանկը, գյուղատնտեսության վարկավորման ծավալներով` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, շինարարության ոլորտի վարկավորման ծավալներով` ՎՏԲ-Հայաստան Բանկը (Հայաստան), տրանսպորտի և կապի, առևտրի, սննդի և ծառայություններ ոլորտների վարկավորման ծավալներով` Ամերիաբանկը, ՓՄՁ ոլորտի վարկերով` HSBC Բանկ Հայաստանը: Սպառողական վարկավորման ընդհանուր ծավալներով առաջատարն է ՎՏԲ-Հայաստան Բանկը, հիփոթեքի գծով`Կոնվերս Բանկը, վարկային քարտերով և օվերդրաֆտներով` Հայբիզնեսբանկը, ավտովարկերով`Ամերիաբանկը: Ընդհանուր ակտիվներով առաջին տեղը զբաղեցնում է Ամերիաբանկը, վարկային ներդրումներով` ՎՏԲ-Հայաստան Բանկը, կորպորատիվ վարկային պորտֆելով` Ամերիաբանկը, մանրածախ վարկային պորտֆելով`ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ:
Բանկերի միագումար վարկային պորտֆելում ժամկետանց վարկերի մասնաբաժինը 2014 թվականի 3-րդ եռամսյակում աճել է 7,8%, մինչև 8.1% (2013-ի 3-րդ եռամսյակի 5,7%-ի համեմատ), իսկ բացարձակ արտահայտությամբ ժամկետանցը մեկ տարում աճել է 47%, գրեթե նույն չափերով մեծացնելով նաև վարկերի հնարավոր կորուստների պահուստները:
Նշենք, որ Հայաստանում գործում է 21 բանկ, իրենց 506 մասնաճյուղերով, որոնցից 214-ը գտնվում է Երևանում, 257-ը` մարզերում և 35-ը` ԼՂՀ-ում: